ՀՀ ժողովրդական նկարիչ, քանդակագործ Լևոն Թոքմաջյանի «Պարույր Սևակ. Անլռելի զանգակատուն» քանդակը, որը օրերս տեղադրվել էր Զանգակատան միջնակարգ դպրոցի բակում, կհեռացվի։
Այս մասին Aysor.am-ի հետ զրույցում ասաց Պարույր Սևակի թոռը՝ Սևակ Ղազարյանը։
«Նշեմ, որ արձանը Լևոն Թոքմաջյանի անձնական նախաձեռնությունն ու անձնական նվերն է Զանգակատուն համայնքին։ Այսինքն՝ դա պետական պատվեր չէ, պետական միջոցներ չեն ծախսվել։ Հեղինակն իր սրտաբուխ նվերն է արել համայնքին։ Քանի որ բուռն քննարկումներ եղան սոցցանցերում, որոշեցինք մեր թանգարանի էջով գյուղի բնակիչների շրջանում սոցհարցում անցկացնել, պարզելու համար՝ ուզո՞ւմ են հեռացվի արձանը, թե՞ ոչ։ Ի վերջո, նվերը գյուղինն է և բնակիչները պետք է որոշում կայացնեն։ Այս պահի դրությամբ 80 տոկոսից ավելին քվեարկել է, որ չի ցանկանում, որպեսզի արձանը մնա։ Ըստ այդմ, մենք կվարվենք իրենց ցանկությամբ»,- ասաց Ղազարյանը։
Նա նաև ավելացրեց, որ մի քանի օր էլ կսպասեն հարցման արդյունքներին և արձանը կհեռացնեն դպրոցի բակից։
Իսկ թե ինչ են անելու արձանը՝ Սևակ Ղազարյանը դեռ հստակ չգիտի. «Դեռ կխոսենք պարոն Թոքմաջյանի հետ։ Մի օր էլ կսպասենք քվեարկության ավարտին։ Այդտեղ արդեն տեխնիկական հարցեր կան, պետք է տեխնիկա բերվի, որպեսզի այն հանվի։ Հեղինակից պետք է ճշտենք, թե որտեղ ենք այն ուղարկելու։ Գուցե, ժամանակավոր մեզ մոտ պահոցում մնա»։
Պարույր Սևակի թոռը շատ վատ է գնահատում հանրային տիրույթում մարդու աշխատանքի նման նվաստացումը, կոռեկտության սահմանները չպահպանելը. «Գիտեք, արվեստի գործերը միշտ էլ միանշանակ չեն ընդունվում, միշտ էլ տարակարծություններ են լինում, լրիվ նորմալ է, որ մարդիկ ինչ-որ բան չհավանեն, չհամաձայնեն։ Բայց այս 2-3 օրվա ընթացքում թիրախավորում սկսվեց մեր համագյուղացիների նկատմամբ, մասնավորապես՝ աշակերտների, ինչը բացարձակապես անընդունելի է։ Մեր գյուղացիները, առավել ևս՝ մեր երեխաները, որևէ կապ չունեն այս ամենի հետ։
Թիրախավորում սկսվեց նաև հեղինակի նկատմամբ։ Կարելի է գործը չհավանել, բայց հեղինակին այդքան անձնական վիրավորանքներ հղել՝ չի կարելի։ Ի վերջո, 88 տարեկան մարդ է, վաստակ ու ապրած կյանք ունի, արվեստի աշխարհում անհայտ մարդ չէ։ Կարծես, այդ մարդը ֆեյսբուքյան օգտատերերի անձնական թշնամին լինի։ Մեր աշակերտները շատ նեղվել էին, որ նման բացասական լույսի ներքո հայտնվել են հանրային ուշադրության կենտրոնում։ Ցանկացած հարց կարելի է լուծել, շտկել, բայց հոգեբանական տրավմաները, որոնք հասցվում են մարդկանց, շտկելը շատ բարդ է։ Առաջին դեպքը չէ, որ մենք ունակ չենք հանրային տիրույթում նորմալ կարծիքներ փոխանակել, միանգամից տեղափոխվում ենք անձնական վիրավորանքների դաշտ։ Նույնիսկ գրառումներ եմ հանդիպել՝ «դավաճաններ» որակումներով»։
Մանրամասը՝ սկզբնաղբյուրում




