Լրագրող Թաթուլ Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը. «Մեր պարտության, Արցախի կորստի ու հայաթափման հարցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մեղքն ու պատասխանատվությունը երբեք չպետք է դրվի կասկածի ու հարցականի տակ, ինչքան էլ պաշտոնական պրոպագանդան ու նրա քարոզիչները փորձեն դա անել ու անում են:
Սրա հետ մեկտեղ չպետք է երբեք մոռացվի նաև Սերժ Սարգսյանի այլանդակությունը:
Սակայն ԱՆԻ կենտրոնի որոնողական համակարգը ինձ հիշեցրեց, թե ինչ է ասել Սերժը Լևոն Տեր-Պետրոսյանի մասին 2007 թվականի այս օրը՝ նոյեմբերի 19-ին:
Ահա վերնագիրը.
Տեր-Պետրոսյանը երևի համարում է, որ երեք տարին բավական է Ղարաբաղը հանձնելու համար․ Սերժ Սարգսյան, 19 նոյեմբեր, 2007թ.
Ահա տեքստը.
«Հայաստանի վարչապետ Սերժ Սարգսյանը, պատասխանելով լրագրողների հարցերին, անդրադարձավ անցած ուրբաթ օրը Ազատության հրապարակում նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթին: Մասնավորապես, նախկին նախագահի հայտարարության մասին, թե Հայաստանի նախագահի պաշտոնը ստանձնելու դեպքում ուղիղ երեք տարի հետո «պատրաստ եմ ընդմիշտ հեռանալ քաղաքականությունից` ձեզ հնարավորություն տալով լիովին ազատ և օրինական ընտրությունների միջոցով երկրի նոր նախագահ ընտրել», Սերժ Սարգսյանը ասաց. «Երևի համարում է, որ երեք տարին բավական է Ղարաբաղը հանձնելու համար»:
Պարոն Սերժ Սարգսյա՛ն, զգում եք, չէ՞, ինչ այլանդակ բան եք ասել:
Քիչ է 1998-ին Ձեր ընկերների հետ վիժեցրել եք Արցախը հայկական պահելու միակ հնարավորությունը՝ միաժամանակ զավթելով իշխանությունը, քիչ է Մարտի 1-ի արյամբ եք եկել իշխանության, քիչ է 2015-ի սահմանադրություն եք գրել Ձեզ համար, որ հավերժ մնաք (ինչպես մի ռուս հայտնի լրագրող է ասել՝ Սերժի գողացած մեքենան վարում է Նիկոլը), քիչ է 10 տարի ոչինչ չեք արել Արցախի համար, հիմա էլ խոսում եք, թե 2019-ին Նիկոլը մերժել է համանախագահների առաջարկը:
Իսկ ինչու Դուք ու Ձեր ընկերները վիժեցրեցիք 1997-ի փուլայինը, որ տասն անգամ ավելի ընդունելի էր, քան 2019-ի առաջարկը»:




