Ուրբաթ օրը Փարիզում Էպշտեյնի գործի առնչությամբ խուզարկել են Էդմոնդ Ռոտշիլդի բանկը, հաղորդում է France 24-ը։
Էդմոնդ Ռոտշիլդի բանկի գլխամասային գրասենյակը Փարիզում խուզարկվել է Էպշտեյնի գործին առնչվող ֆրանսիացի դիվանագետ Ֆաբրիս Այդանի դեմ պետական պաշտոնյաների կոռուպցիայի գործով սկսված հետաքննության շրջանակում։
Ֆաբրիս Այդանը, որը հիշատակվում է Էպշտեյնի գործի նյութերում, երբ նա Ֆրանսիայի կողմից գործուղվել էր ՄԱԿ, աշխատել է բանկային ոլորտում՝ նախքան Engie էներգետիկ խմբում միանալը, որն այդ մերկացումներից հետո նրան ազատել է աշխատանքից։
«Բանկը լիովին համագործակցում է դատական համակարգի հետ հետաքննության շրջանակում։ Բացի դրանից, հենց որ կասկածներ առաջացան 2014-2016 թվականներին այդ պաշտոնը զբաղեցրած նախկին աշխատակցի վերաբերյալ, ներքին հետաքննություն է սկսվել»,- նշել է աղբյուրը։
Հետաքննությունը վարում են Կոռուպցիայի և ֆինանսական ու հարկային հանցագործությունների դեմ պայքարի կենտրոնական գրասենյակի քննիչները, որոնք հետաքննության շրջանակում փետրվարի վերջին հարցաքննել են Ֆաբրիս Այդանին։
Դիվանագետի անունը հայտնի դարձավ հունվարին, երբ ԱՄՆ իշխանությունները հրապարակեցին Ջեֆրի Էպշտեյնին վերաբերող հազարավոր գաղտնազերծված փաստաթղթեր։ Ֆաբրիս Այդանը բազմիցս մեղադրվել է 2010-2017 թվականներին ամերիկացի գործարարին և սեռական հանցագործին դիվանագիտական տեղեկատվություն փոխանցելու կամ նրան ծառայություններ մատուցելու մեջ։





