Search
Close this search box.

Պարեկների կողմից փաստաբան Ռոման Երիցյանի եղբոր ծեծի գործով ծառայողական քննություն է նշանակվել

Պարեկների կողմից արցախցի փաստաբան Ռոման Երիցյանի եղբոր՝ Արման Երիցյանին ծեծի գործով ծառայողական քննություն է նշանակվել։ Այս մասին հայտնել են Ներքին գործերի նախարարությունից։

Հիշեցնենք, որ երեկ Ռոման Երիցյանը հայտնել էր, որ մոտ 10 պարեկ դաժանաբար ծեծի են ենթարկել իր եղբորն ավտոմեքենան արգելված վայրում կայանելու համար ու մի շարք վնասվածքներով տեղափոխել ոստիկանության բաժանմունք։

«Ավտոմեքենան իբրև թե արգելված վայրում կայանելու պատրվակով մոտ 10 պարեկային ծառայող դաժանաբար ծեծի են ենթարկել հարազատ եղբորս՝ Արման Երիցյանին»,- ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարել էր Երիցյանը։

Նրա խոսքով՝ խոսելու ընթացքում իրավապահներն արցունքաբեր գազ են փչել եղբոր երեսին, վերջինս տեսողությունը կորցրել է: Փաստաբանը նաև նշել է, որ պարեկները կոտրել են Արման Երիցյանի ձեռքն ու մատները և տարել ոստիկանության Արաբկիրի բաժին։