Պակիստանը մտադիր է ճանաչել Հայաստանը որպես ՄԱԿ-ի անդամ պետություն՝ դրա դիմաց «կանաչ լույս» ստանալով ԵԱՏՄ-ին անդամակցելու համար։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով ՄԱԿ-ի աղբյուրներին։
«Պակիստանն իսկապես ծրագրում է դա անել, և որպես պատասխան քայլ՝ կոնսենսուս ստանալ ԵԱՏՄ-ին միանալու հարցի վերաբերյալ», – ասել է պարբերականի աղբյուրը։
Մեկ այլ դիվանագիտական աղբյուր նշել է, որ համապատասխան ընթացակարգերը կարող են տևել մի քանի շաբաթից մինչև մի քանի ամիս։ Նա անվանել է դա տեսանելի հեռանկար՝ հավելելով, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը որևէ խոչընդոտ չի թողել այս հարցում։
Օգոստոսի 31-ին Հայաստանի և Պակիստանի ԱԳՆ ղեկավարները Չինաստանում կոմյունիկե են ստորագրել դիվանագիտական հարաբերություններ հաստատելու վերաբերյալ։ Մինչ այդ Պակիստանը միակ երկիրն էր, որը չէր ճանաչում Հայաստանը, ինչը անմիջականորեն կապված էր հայ-ադրբեջանական հակամարտության հետ։ Երկար տարիներ Իսլամաբադը հետևողականորեն աջակցել է Բաքվին։
Նախօրեին ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ ռուսական կողմը ողջունում է Հայաստանի և Պակիստանի միջև շփումների վերսկսումը՝ անվանելով դա «քայլ առաջ»։