Պակիստանի և Հնդկաստանի միջև հակամարտությունը կարող է վերաճել միջուկային դիմակայության: Այս մասին Al Jazeera հեռուստաալիքի եթերում զգուշացրել է Պակիստանի պաշտպանության նախարար Խավաջա Ասիֆը։
«Համաշխարհային հանրությունը պետք է ուշադրություն դարձնի այդ վտանգավոր կոնֆլիկտին, որը կարող է վերաճել միջուկային առճակատման։ Երկու երկրներն էլ միջուկային տերություններ են»,- նշել է նախարարը։
Ապրիլի 22-ին զինված անձինք ահաբեկչություն են իրականացրել Հնդկաստանի վերահսկողության տակ գտնվող Քաշմիրի վիճելի տարածքի հայտնի զբոսաշրջային Պահալգամ քաղաքում: Դրա հետևանքով զոհվել է Հնդկաստանի 25 քաղաքացի և մեկ նեպալցի, շատերը վիրավորվել են։ Հարձակվողներին հաջողվել է փախչել։
Հնդկաստանի հետախուզական ծառայությունները ապացույցներ են գտել առ այն, որ Պակիստանի միջծառայական հետախուզությունը մասնակցություն է ունեցել Պահալգամում Լաշկար-է-Թայբա խմբավորման ահաբեկիչների հարձակմանը, հայտնում է The Hindustan Times-ը՝ վկայակոչելով աղբյուրներին:
Հնդկաստանի իշխանությունները գրեթե կրկնակի կրճատել են Իսլամաբադում իրենց դեսպանատան աշխատակիցների թիվը, Պակիստանի դիվանագիտական առաքելության ռազմական խորհրդատուներին անցակնալի անձ են հայտարարել և փակել սահմանի վրա գտնվող առանցքային Աթթարի անցակետը։ Հնդկաստանի իշխանությունները նաև կասեցրել են Իսլամաբադի հետ համաձայնագիրը ջրային ռեսուրսների բաշխման և Պակիստանի քաղաքացիներին վիզաների տրամադրման վերաբերյալ։
Պակիստանի Անվտանգության խորհուրդը հայտարարել է, որ կասեցնում է Հնդկաստանի հետ բոլոր երկկողմ համաձայնագրերը, ինչպես նաև նշել է, որ Հնդկաստանի կողմից Ինդուս գետից ջրի հոսքն արգելափակելու ցանկացած փորձ կընկալի որպես պատերազմի ակտ: Բացի այդ, Պակիստանը փակել է իր օդային տարածքը Հնդկաստանի համար, Վագահ անցակետը, իսկ պաշտպանության, ռազմածովային և ռազմաօդային ուժերի ոլորտներում հնդիկ խորհրդատուներին հայտարարել է անցանկալի անձ:
Լրատվամիջոցներում հրապարակումների համաձայն՝ Քաշմիրի Լիպա հովտում Հնդկաստանի և Պակիստանի միջև անցած գիշեր մարտեր են սկսվել՝ թեթև և ծանր զինատեսակների կիրառմամբ: Պակիստանը բանակի լրացուցիչ ստորաբաժանումներ, այդ թվում՝ տանկեր է տեղափոխում Հնդկաստանի հետ սահման:
«Պակիստանը պատրաստվում է Հնդկաստանից հնարավոր հարձակման և դրան կպատասխանի ամբողջ ուժով», — հայտարարել է երկրի պաշտպանության նախարար Խավաջա Ասիֆը։