5 տարվա մեջ անգամ 1 անհետ կորածի ճակատագիր չի պարզվել, ՀՀ ՊՆ-ի մոտ լրագրողների հետ զրույցում ասաց 44-օրյայի ժամանակ անհետ կորած զինծառայող Համազասպ Պողոսյանի հայրը՝ Հովհաննես Պողոսյանը։ Նրա խոսքով՝ դա արդեն ցույց է տալիս, որ այս տարիների ընթացքում ոչ մի գործ էլ չի արվել։
«Գոնե 1 հոգու ճակատագիր պարզ լիներ, ասեին՝ էդ մի հոգին էս ինչ տեղ զոհվել ա, աճյունը հանել են կամ էս մի տեղը տարել են, գերեվարել են, полевой գեներալների մոտ մնում ա։ Խի՞, չկա՞ տենց բան, կա, մենք հիմա ենթադրություններ ենք անում, բայց պատերազմի ժամանակ ամեն ինչ էլ հնարավոր է։ Հնարավոր է նաև գերեվարվածներ լինեն, որ պետական էն ցուցակներում անունները չկան»,- նշել է նա:
Անհետ կորածների ծնողները 5 րոպե են տվել նախարարությանը իրենց պահանջին ընդառաջ գնալու համար, այլապես փողոց են փակելու:
Նրանք պահանջում են հանդիպում ՀՀ գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանի, Արցախի ՊԲ նախկին հրամանատար, ներկայում պաշտպանության նախարարի խորհրդական Կամո Վարդանյանի հետ, բայց ՊՆ-ից նրանց պատասխանել են, որ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը կարող է իրենց ընդունել, այն էլ՝ 3-ին։