«Ուզում են համոզել, թե ուղեվարձի ինքնարժեքը 65 դրամ է, բայց այն 200 դրամից ավելի է»․ Տիգրան Ավինյան

«Ինչ ասես՝ կարող են խոսել. էս վերջերս լսել եմ, ասում են, որ տրանսպորտի ինքնարժեքը մեկ ուղեվորափոխադրման համար 65 դրամ է, չեմ պատկերացնում՝ այդ թվերը որտեղի՞ց են վերցնում»,- գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասաց քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ արձագանքելով ավագանու «Մայր Հայաստան» խմբակցութան անդամների ներկայացրած թվերին․ «Կարող էին ասել 6 դրամ, որն ավելի լավ է հնչում։ Մինչդեռ իրականում «Երևան ավտոբուս» ՓԲԸ-ի ծախսն ամսական մոտավորապես 1,8 միլիարդ դրամ է, էլ չեմ հաշվում գնված ավտոբուսները։ 200 դրամից ավելի է գալիս ինքնարժեքը։ Մենք ունենք արված աշխատանքը ներկայացնելու խնդիր, երբ մենք չենք խոսում, խոսում են մանիպուլյացիայի լեզվով։ Իսկ սուտը երբ անընդհատ կրկնում են, մարդիկ կարող են որպես ճիշտ ընդունել։ 1990-ականների վերջից 100 դրամ վճար ենք ունեցել, հիմա մարդիկ ուզում են համոզել, որ նոր 12 մետրանոց գերմանական ավտոբուսներով, նոր պարկով հնարավոր է մարդկանց 65 դրամով տեղափոխել, ասում են՝ դա է ինքնարժեքը»,- ասաց Ավինյանը։