Search
Close this search box.

Ուշագրավ զարգացումներ և թուրքական բազառ՝ տրանսպորտի գնի թեմայով․ ճնշումը մեծացնում ենք. Թևանյան

«Հանրային տրանսպորտի թեման իշխանությունը վերածել է թուրքական բազարի. թուրքական բազարում այդպես է՝ սկզբից թանկ գին են ասում, հետո նվազեցնում են գինը, որպեսզի ապրանքը վաճառեն այն միամիտների վրա, ովքեր կհավատան, որ ապրանքն էժանացված գնով են առել։ Հիմա նույնն անում են ՔՊ–ի ներկայացուցիչները»։ Այս մասին այսօր՝ հունվարի 22-ին, ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց «Մայր Հայաստան» շարժման առաջնորդ Անդրանիկ Թևանյանը՝ անդրադառնալով Տիգրան Ավինյանի գրառմանն այն մասին, որ միասնական տոմսային համակարգի փաթեթները կվերանայեն ավագանու հաջորդ նիստին։

«Ցույց են տալիս, իբրև թե զիջումների են գնում, բայց ասում են ոչ թե 220, այլ 200 դրամ կլինի ուղևորատոմսի արժեքը, 300 դրամ արժողությամբ ուղևորատոմսը ոչ թե 90, այլ 180 րոպեում կարելի է 3 անգամ օգտագործել։ Ասում են 900 դրամով ոչ թե 8 անգամ, այլ անսահմանափակ կարող եք երթևեկել։ Մարդկանց գժի տեղ են դնում, ասում են՝ կարող եք ավտոբուսի մեջ քնել և տրոլեյբուսի մեջ արթնանալ։ Մարդիկ չկան, ովքեր օրվա մեջ 8 և ավելի անգամ տրանսպորտից օգտվում են»,–ասաց Անդրանիկ Թևանյանը։

Անդրանիկ Թևանյանի խոսքով, թեև զիջումները չնչին են, սակայն ակնհայտ է, որ հասարակության կողմից առջկա ճնշումը քաղաքային իշխանություններին ստիպում է նահանջել։

«Սա նշանակում է, որ մենք պետք է շարունակենք ճնշում գործադրել, բողոքի ակցիաներ իրականացնել, բոյկոտել»,–հավելեց նա։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Տիգրան Ավինյանն իր ֆեյսբուքյան էջում հրապարակված գրառմամբ ասել էր՝ առաջիկա ավագանու նիստի ընթացքում կքննարկվեն սակագների կիրառման տրամաբանության վերանայման հնարավորությունները։

«Այսպիսով, փետրվարի 11-ի Երևանի ավագանու հերթական նիստի ժամանակ առաջարկելու ենք հետևյալ փոփոխությունները՝

10 ուղևորություն – 2000 ՀՀ դրամ՝ օգտագործման ժամկետը 45 օր, ներկայիս 2200 ՀՀ դրամի և 30 օրվա փոխարեն։

300 ՀՀ դրամ՝ օգտագործման ժամկետը 180 րոպե, ներկայիս 90 րոպեի փոխարեն։

1 օր – 900 ՀՀ դրամ՝ անսահմանափակ ուղևորություններ, ներկայիս 8 ուղևորափոխադրման սահմանափակման փոխարեն։

7 օր – 5000 ՀՀ դրամ՝ անսահմանափակ ուղևորափոխադրումներ, ներկայիս 30 ուղևորափոխադրման սահմանափակման փոխարեն»,–գրել էր նա։