Ինտերնետային տարբեր կայքերում բազմաթիվ են տարատեսակ հայտարարությունները, որով քաղաքացիներին առաջարկում են կատարել ներդրում և ստանալ գերշահույթ, հայտնում են ՆԳՆ-ից:
«Այդպիսի կայքերի վերաբերյալ տեղեկությունները ակտիվորեն գովազդվում են հատկապես Ֆեյսբուք սոցիալական կայքում և տելեգրամյան հարթակում:
Արդյո՞ք պետք է վստահել բոլոր այդ հայտարարություններին:
Իհարկե, ո՛չ։
Այդպիսի կայքերում լրացնելով ձեր հեռախոսահամարը, ձեզ հետ բավական արագ հայկական կամ արտասահմանյան հեռախոսահամարով կապ կհաստատեն զեղծարարների զանգերի կենտրոնից, կառաջարկեն գումարային ներդրում կատարել կրիպտոարժույթի կամ այլ ոլորտում, կվստահեցնեն, որ իրենք ձեզ համար կապահովեն գերշահույթ։
Մի՛ շտապեք կատարել ներդրումներ, ստացե՛ք խորհրդատվություն` զանգահարելով 011 52 52 52՝ ՆԳՆ ինտերնետային խարդախություններով թեժ գծի հեռախոսահամարին (թեժ գիծը գործելու է աշխատանքային օրերին՝ ժամը 09։00-ից 18։00-ն)։
Պարզապես հիշե՛ք, տրվելով գրավիչ առաջարկություններին՝ մեծ է հավանակությունը, որ կկրեք գումարային մեծ կորուստներ»,- ասված է հաղորդագրության մեջ: