Ուկրաինայում հրադադարի մասին խոսք անգամ չկա. Կրեմլը հետաքրքրված չէ խաղաղությամբ և շարունակում է պահանջել Կիևի կապիտուլյացիան։ ԱՄՆ-ի նախագահը, սակայն, չի ցուցաբերում Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ կիրառելու ցանկություն՝ կրակը դադարեցնել ստիպելու նպատակով։
Այս մասին գրում է Politico-ի կարծիքների բաժնի խմբագիր Ջեյմի Դեթմերը։
Նրա կարծիքով, պատահական չէր, որ Ստամբուլում գտնվող ռուսական պատվիրակությունը հիշեց Շվեդիայի հետ 1700–1721 թվականների պատերազմը՝ սպառնալով Ուկրաինային երկարատև, ուժասպառ պայքարով։
«Պուտինն իրեն պատկերացնում է` որպես նոր Պետրոս Մեծ. նա նույնիսկ իր նախարարների կաբինետում ունի 18-րդ դարի ցարի բրոնզե արձան։ Նա, հավանաբար, կարծում է, որ երկարատև մարտերը կօգնեն իրեն` հասնել Ուկրաինայում իր ռևանշիստական նպատակների մեծ մասին։ Բացի այդ, անվերջ բանակցությունները թուլացնում են ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի՝ խաղաղության համաձայնագրի հասնելու ցանկությունը»,- գրում է լրագրողը։
Դեթմերը նշում է, որ Թրամփի և Պուտինի երկժամյա հեռախոսազրույցը խաղաղությունը չի մոտեցրել։ Ռուսաստանի առաջնորդի վրա զայրանալու փոխարեն, ինչպես սպասում էր Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, ամերիկացի նախագահը, կարծես, պատրաստ է զիջել և նույնիսկ հետ է կանգնել պատերազմը դադարեցնելու իր կարողության մասին նախկին հայտարարություններից։
«[Ուկրաինայի պատերազմը] եվրոպական իրավիճակ էր, և այն պետք է այդպես էլ մնար։ Սակայն նախորդ վարչակազմը մեզ համոզեց, որ մենք պետք է միջամտենք»,- Պուտինի հետ հեռախոսազրույցից հետո լրագրողներին բողոքել էր Թրամփը՝ հավելելով. «Եթե խաղաղության բանակցություններում առաջընթաց չլինի, ես պարզապես հետ կքաշվեմ»։
Դիտորդը համոզված է, որ եթե ԱՄՆ-ն դուրս գա բանակցային գործընթացից, դա «ծիծաղ կառաջացնի Կրեմլում»։
«Մոսկվայի կարմիր գծերը մեկ յոտի չափով չեն շարժվել լայնածավալ ներխուժման սկզբից ի վեր։ Ռուսաստանը կշարունակի պատերազմը Թրամփի վարչակազմի օգնությամբ, որը պատրաստ չէ ճնշում գործադրել Պուտինի վրա և քիչ հավանական է, որ շարունակի Ուկրաինային ցուցաբերվող ռազմական աջակցություն։ Ինչո՞ւ պետք է Պուտինը լուրջ բանակցություններ վարի, եթե նրան ոչինչ չի սպառնում, բացի հակամարտությունից Ամերիկայի դուրս գալուց»,- ամփոփում է լրագրողը։
Ստամբուլում անհաջող բանակցություններից հետո վերլուծաբանները նշեցին, որ առնվազն մեկ կամ երկու տարի հրադադար չի լինի։
Թրամփի և Պուտինի հեռախոսազրույցը գնահատվեց` որպես ավելի աղետալի։ Ըստ ներքին աղբյուրների՝ եվրոպացի առաջնորդները ցնցված էին, որ ԱՄՆ-ի նախագահը չստացավ Մոսկվայի համաձայնությունը 30-օրյա հրադադարի վերաբերյալ և հրաժարվեց նոր պատժամիջոցներ կիրառել կրակը դադարեցնելուց հրաժարվելու համար։