Search
Close this search box.

Ուկրաինան պետք է hարվшծի, եթե հյուսիսկորեական զnրքերը հատեն սահմանը. Բայդեն

Please enter a valid URL

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն ասել է, որ Ուկրաինան պետք է պատասխան հարված հասցնի, եթե Հյուսիսային Կորեայի զորքերը հատեն Ուկրաինայի սահմանը՝ հավելելով, որ իրեն անհանգստացնում է Ռուսաստանի Կուրսկի մարզում հյուսիսկորեական զորքերի ներկայությունը։ Այս մասին գրում է Reuters-ը:

«Ինձ դա անհանգստացնում է»,- ասել է Բայդենը՝ պատասխանելով Կուրսկում հյուսիսկորեական զորքերի ներկայության վերաբերյալ հարցին։

«Եթե նրանք անցնեն Ուկրաինա, այո»,- ասել է Բայդենը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք ուկրաինացիները պետք է պատասխան հարված հասցնեն։

Նախօրեին Բայդենը հայտարարել էր, որ Հյուսիսային Կորեայի կողմից Ռուսաստան հազարավոր զինվորներ ուղարկելը «շատ վտանգավոր» զարգացում է։

Հիշեցնենք, որ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն հաստատել էր, որ Հյուսիսային Կորեան զորքեր է ուղարկել ՌԴ, և որ նրանք այժմ Կուրսկի մարզում են:

«Ռուսաստանի և Հյուսիսային Կորեայի միջև ռազմական համագործակցության խորացումը վտանգ է ներկայացնում ինչպես Հնդ-խաղաղօվկիանոսյան, այնպես էլ եվրատլանտյան անվտանգության համար: Այն խաթարում է Կորեական թերակղզում խաղաղությունը և թեժացնում Ռուսաստանի պատերազմն Ուկրաինայի դեմ», — ասել էր Ռյուտեն:

Անցյալ շաբաթ ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը հաստատել էր, որ ԱՄՆ կառավարությունն ապացույցներ ունի, որ Հյուսիսային Կորեան ռազմական ուժեր է ուղարկել Ռուսաստան: Միևնույն ժամանակ Օսթինն ընդգծել էր, որ զորքերի ուղարկման նպատակը դեռ պարզ չէ։
Ուկրաինան և Հարավային Կորեան բազմիցս մեղադրել են Հյուսիսային Կորեային Ռուսաստան զորք ուղարկելու համար՝ պատերազմում նրանց օգտագործելու նպատակով: ՆԱՏՕ-ն և ԱՄՆ-ն նախկինում չէին հաստատել զորքերի տեղաշարժը։

«Մեր վերլուծաբանները շարունակում են ուսումնասիրել: Այժմ մենք ապացույցներ ենք տեսնում, որ հյուսիսկորեական զորքերը գնացել են Ռուսաստան: Թե ինչ են անելու, դեռ պարզ չէ: Բայց, այո, կան ապացույցներ, որ Ռուսաստանում ԿԺԴՀ-ի զորքեր կան»,- ասել էր Օսթինը: