Search
Close this search box.

Ուկրաինան անօդшչուներով գրnհել է Վnրnնեժը. ինչ է հայտնի

Օգոստոսի 7-ի գիշերը Վորոնեժի մարզը ենթարկվել է ուկրաինական անօդաչուների գրոհին, որոնցից երկուսը հասել է Վորոնեժ, բայց խոցվել հակաօդային պաշտպանության եւ ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցներով, տեղեկացրել է նահանգապետ Ալեքսանդր Գուսեւը։

«Մեկ անօդաչու ընկնելիս վնասել է բնակելի տան վերին հարկերի ճակատամասը Բերյոզովայա ռոշչա փողոցում։ Մեկ անօդաչուի բեկորներ ընկել են Լենինի պողոտայում։ Կոտրվել են բազմաբնակարան տան մի քանի բնակարանների ապակիները, վնասվել են նաեւ ավտոմեքնենաներ»,- գրել է Գուսեւն իր թելեգրամ-ալիքում։

Նրա տվյալներով՝ գրոհի հետեւանքով ոչ ոք չի տուժել, հետեւանքները ճշտվում են։ Նահանգապետը քաղաքացիներին կոչ է արել անօդաչուների բեկորներ հայտնաբերելու դեպքում չմոտենալ դրանց եւ տեղեկացնել իշխանություններին։

Վորոնեժը գրոհած անօդաչուները կրում էին խոցող տարրեր, գրել է Shot թելեգրամ-ալիքը։ Տեղի բնակիչների խոսքով՝ իրենք հայտնաբերել են նաեւ փոքր երկաթի գնդեր, որոնք խոցել են մեքենաներից մեկին։

ՌԴ ՊՆ-ն նշել է, որ ոչնչացվել է երկու անօդաչու Վորոնեժի մարզում։ Երկու դրոն խփվել է Բելգորոդի մարզում, չորսը՝ Կուրսկի եւ երկուսը՝ Ռոստովի մարզերում։

Կուրսկի մարզի Սուջա քաղաքում ուկրաինական դրոնն ընկել է շտապօգնության մեքենայի վրա, զոհվել են վարորդը եւ բուժակը, տեղեկացրել է նահանգապետի պաշտոնակատար Ալեքսեյ Սմիրնովը։ Նրա խոսքով՝ գրոհի ընթացքում վիրավորվել է նաեւ բժիշկը։