Հակակոռուպցիոն դատարանում ընթանում են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով նիստերը։ Դատավարությունը նախագահում է դատավոր Սարգիս Պետրոսյանը։
Հիշեցնենք, որ դատավոր Պետրոսյանը իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ էր և պատգամավորի թեկնածու։
Բացի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանից, գործով մեղադրյալներ են նաև պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը և նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը։
Լսումները սկսվեցին փոխադարձ պահանջներով։ Քոչարյանի պաշտպան Արամ Օրբելյանը դիրքորոշում հայտնեց, որ իր պաշտպանյալը չի կարող մեղադրվել, քանի որ Սահմանադրական դատարանի որոշումը կայացնելու պահից հոդվածը, որով ի սկզբանե առաջադրվել էր մեղադրանքը, ճանաչվել է Սահմանադրությանը հակասող և ուժը կորցրած։ Դատավոր Պետրոսյանը հետաքրքրվեց, թե ինչո՞ւ են այդ դեպքում այստեղ։ Ավելի ուշ, դատավորն ասաց, որ Վճռաբեկ դատարան հարցում է ուղարկվել , և բոլոր հարցերին կտրվեն պատասխաններ։ Ավելին, ամբաստանյալ տերմինն ինքնին քննարկումների տեղիք տվեց։
Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ընդգծեց, որ ինքը բարի կամք է դրսևորել՝ գալով դատարան, բայց կարող էր ընդհանրապես չգալ կամ, գալով, նստել նիստերի դահլիճում և ոչ թե ամբաստանյալներին հատկացված տեղում։
«Քրեական հետապնդումը սկսվել է կոպիտ խախտումներով, օրենքի ուղղակի խախտումով»,- նշեց Քոչարյանը։