Երեւանի ավագանու արտահերթ նիստը՝ տրանսպորտու ուղեվարձի փաթեթներում փոփոխությունների մասին (ուղիղ)
Երեւանի ավագանին արտահերթ նիստ է գումարել, որի օրակարգում ընդգրկված է միայն մեկ հարց, որը վերաբերում է փետրվարի 1-ից տրանսպորտի փոխադրավարձի փաթեթներին ու սակագնին։
Նախօրեին «Ազգային առաջընթաց» խմբակցությունը հայտարարել է, որ չի մասնակցելու արտահերթ նիստին:
Ստորեւ ներկայացնում ենք քննարկվող նախագիծը.
«Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝
Երևան քաղաքի ավագանին որոշում է.
1․ Երևան քաղաքի ավագանու 2024 թվականի մարտի 12-ի «Երևան համայնքում 100 տոկոս համայնքային մասնակցությամբ օպերատորի կողմից ներհամայնքային ավտոբուսային կանոնավոր փոխադրումների սպասարկման դեպքում երթուղիների սպասարկման փոխադրավարձը սահմանելու մասին» N 95-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) մեջ կատարել հետևյալ լրացումները․
1) Որոշման 1-ին կետի 12․1-ին ենթակետից հետո լրացնել նոր 12․2-րդ ենթակետ՝ հետևյալ բովանդակությամբ.
«12.2) «Մեկ ուղևորություն» ֆիզիկական կամ էլեկտրոնային տոմս ձեռք բերելու դեպքում՝ ձեռքբերման պահից 3 օրվա ընթացքում 1 ուղևորություն կատարելու հնարավորությամբ՝ 150 դրամ.».
2) Որոշման 2-րդ կետից հետո լրացնել նոր 2․1-ին կետ՝ հետևյալ բովանդակությամբ․ «2.1․ Սահմանել, որ 2025 թվականի հունվարի 1-ից 2025 թվականի փետրվարի 28-ը ներառյալ սույն որոշման 1-ին կետի`
1) 1-ին ենթակետից մինչև 3-րդ ենթակետում նշված «30 օր» ֆիզիկական քարտ տոմս կամ էլեկտրոնային տոմս ձեռք բերելու դեպքում, նույն ենթակետերով նախատեսված պայմաններով՝ անսահմանափակ քանակով ուղևորությունները կարող են կատարվել ակտիվացման պահից 60 օրվա ընթացքում․
2) 3-րդ ենթակետից մինչև 5-րդ ենթակետում, բացառությամբ 3․5-րդ և 4․5-րդ ենթակետերի, նշված «90 օր» ֆիզիկական քարտ տոմս կամ էլեկտրոնային տոմս ձեռք բերելու դեպքում, նույն ենթակետերով նախատեսված պայմաններով՝ անսահմանափակ քանակով ուղևորությունները կարող են կատարվել ակտիվացման պահից 120 օրվա ընթացքում․
3) 5-րդ ենթակետից մինչև 7-րդ ենթակետում, բացառությամբ 5․5-րդ և 6․5-րդ ենթակետերի, նշված «365 օր» ֆիզիկական քարտ տոմս կամ էլեկտրոնային տոմս ձեռք բերելու դեպքում, նույն ենթակետերով նախատեսված պայմաններով՝ անսահմանափակ քանակով ուղևորությունները կարող են կատարվել ակտիվացման պահից 395 օրվա ընթացքում»։
2․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է 2025 թվականի փետրվարի 1-ից ծագած հարաբերությունների վրա: Սույն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով լրացվող նոր 12․2-րդ ենթակետի դրույթները գործում են մինչև 2026 թվականի հունվարի 1-ը»: