Գումարվել է ԱԺ արտահերթ նիստ։ Օրակարգում է ՀՀ գլխավոր դատախազի միջնորդագրերի քննարկումը, որոնք վերաբերում են ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն և ազատությունից զրկելուն համաձայնություն տալուն, «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանին և քարտուղար Արծվիկ Մինասյանին անձեռնամխելիությունից զրկելու և քրեական հետապնդում սկսելուն։
Դատելով միջնորդագրից՝ Արծվիկ Մինասյանին ու Սեյրան Օհանյանին դատախազությունը մտադիր է մեղադրանք առաջադրել նույն գործի շրջանակներում, որը վերաբերում է Գեղարքունիքի մարզի Դրախտիկ համայնքի տարածքում Սեյրան Օհանյանի կողմից հողատարածք ձեռք բերելուն: Սեյրան Օհանյանին վերաբերող միջնորդագրի համաձայն՝ Օհանյանը տարբեր տարիների ներկայացրած հայտարարագրում թաքցրել է իրեն պատկանող գույքը, մասնավորապես Դրախտիկ համայնքում գտնվող հողատարածքը և դրա վրա ինքնակամ կառուցված առանձնատունը։
Իսկ Արթուր Սարգսյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին միջնորդության մեջ ներկայացված են քննությամբ ձեռք բերված փաստեր, համաձայն որոնց Արթուր Սարգսյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է կհարուցվի ՀՀ քրեական օրենսգրքի 43-308-րդ հոդվածի 1-ին մասով և 43․419-րդ հոդվածի 1-ին մասով։ Ըստ ենթադրյալ մեղադրանքի նա մի խումբ անձանց հետ նախապատրաստել է ահաբեկչություն և իշխանության յուրացում։