168.am-ը գրում է.
Հայաստանի տնտեսության խոշորագույն ընկերությունը` Քաջարանի կոմբինատը, որը և տնտեսական, և սոցիալ-հոգեբանական ռազմավարական ահռելի նշանակություն ունի Հայաստանի և, մասնավորապես, Սյունիքի համար, ավելի քան մեկ շաբաթ է՝ պարապուրդի է մատնված:
Շատերն են ձեռնարկությունը բնորոշում ռազմավարական նշանակության մարզի՝ Սյունիքի «ողնաշար», ինչը բոլորովին չափազանցություն չէ: Այդպիսով, Սյունիքի ողնաշարն արդեն ավելի քան մեկ շաբաթ «ծռված» է:
Հաշվի առնելով այն, թե գեոքաղաքական ու գեոտնտեսական շահերի բախման ինչպիսի կիզակետում է Սյունիքը, և որքան կարևոր է այդ պայմաններում մարզի կենսունակությունը, կոմբինատի շուրջ իրավիճակը միանգամայն համարժեք է արտակարգ իրադրության: Իսկ որևէ արտակարգ իրադրություն պետք է դառնա պետական և հասարակական մտահոգության առարկա, որևէ արտակարգ իրադրություն հաղթահարելը՝ ըստ որում, առավելագույն օպերատիվությամբ հաղթահարելը պետք է դառնա կառավարության թիվ մեկ խնդիրը, և կառավարությունից, կառավարման համակարգի պատասխանատու ինստիտուտներից՝ հասարակության թիվ մեկ պահանջը:
Բայց, օրինակ, փոքր և մանր ձեռնարկատիրության հարկային բեռը բարձրացնելու որոշում կայացրած կառավարությունը, այդ որոշմանն օրենքի ուժ տված խորհրդարանը կարծես թե որևէ կերպ անհանգստացած չեն, որ, օրինակ, մեկշաբաթյա պարապուրդի հետևանքով պետությունը կրում է օրական ավելի քան 100 միլիոն դրամի վնաս, երկրի թիվ մեկ հարկատու ձեռնարկությունը պարապուրդի յուրաքանչյուր օր կրում է ավելի քան 400 միլիոն դոլարի վնաս:
Այս իշխանություններին կարծես թե առանձնապես չի հուզում, որ Հայաստանի խոշորագույն ներդրումային ծրագրերից մեկի, տնտեսական հսկայի գործունեության այդ կոլապսն ամեն հաջորդ օր ոչ միայն վնաս է պատճառում պետական բյուջեին, այլ նաև պետության ներդրումային իմիջին: Եթե կան, մնացել են Հայաստանով հետաքրքրվող խոշոր ներդրողներ, ապա հետևելով կոմբինատի շուրջ ստեղծված իրավիճակին և պարապուրդին, թերևս, գալու են մի եզրակացության՝ չարժե Հայաստանի հետ որևէ գործ ունենալ, Հայաստանի հետ ներդրումային հեռանկարներ կապել, այն էլ՝ խոշոր նախագծերով, քանի որ հաշված օրերի ու ժամերի ընթացքում այդ ծրագրերը կարող են ենթարկվել կոլապսի, իսսկ պետությունը՝ ընդամենը դիտորդի դերում մնալ:
Այս պահվածքում շատ տարակուսելի է այն, որ պետությունը պարապուրդի մատնված ձեռնարկության բաժնետեր է: Տրամաբանությունը հուշում է, որ բացի պետական նշանակության կարևորագույն ռազմավարական մոտիվներից, ձեռնարկության օր առաջ գործարկման, աշխատանքի լիարժեք ծավալի օր առաջ վերականգնման հարցում կառավարությունը պետք է ունենար նաև զուտ բաժնետիրական կարգավիճակից բխող մոտիվներ: Հետևաբար, այդ ամենով հանդերձ, Նիկոլ Փաշինյանի և նրա ողջ կառավարության իներտությունը, իհարկե հարցեր է առաջացնում: Եվ անկասկած է, որ վանող տրամադրություններ է առաջացնելու նաև արտաքին ներդրողների շրջանում:
Իսկ արտաքին ներդրողների շրջանում Հայաստանի հանդեպ այդպիսի տրամադրություններ ունենալուն չի վարանի «օգնել» Ադրբեջանը: Որովհետև, ինչքան Սյունիքի կենսունակությունը բոլոր առումներով ռազմավարական նշանակություն ունի Հայաստանի համար, նույնքան այդ կենսունակության խափանումը ռազմավարական նպատակ է Ադրբբեջանի համար:
Այն, որ Ադրբեջանը տաքացնելու է ձեռքերը ստեղծված իրավիճակի վրա, կասկածից վեր է: Թեև, ձեռքերը, որ տաքանում են ստեղծված իրավիճակում, և ձեռքերը, որ գուցե հենց ստեղծել են այս իրավիճակը՝ երևի թե ավելի շատ են:
Համենայն դեպս, աչքի է ընկնում այն, որ Քաջարանի կոմբինատի շուրջ այս իրավիճակը ստեղծվեց Մեղրիի թեմայի շուրջ տեղեկատվական արշավին զուգահեռ, որ ծավալվեց «Ազատություն ռադիոկայանի» հայտնի ռեպորտաժի, այսպես ասած, առիթով: Ընդ որում, աչքի ընկնող մյուս պարագան այն է, որ Զանգեզուրի կոմբինատը պարապուրդի մատնած գործադուլային նախաձեռնությունն ամենաակտիվ լուսաբանողներից է «Ազատությունը», ըստ որում, հենց ակնառու է գործադուլ նախաձեռնողների տեսակետների գերակշռությունը: Նույն գերակշռությամբ ակտիվ լուսաբանողներից է Epress-ը, որը հանրայնորեն շատ վաղուց է հայտնի հայ-ադրբեջանական խնդրի, ղարաբաղյան հակամարտության հանդեպ իր աղմկոտ և ոչ հայանպաստ, հաճախ՝ ադրբեջանամետ դիրքորոշումներով, որոնք համահունչ են եղել ոչ թե Հայաստանի, այլ Ադրբեջանի և Թուրքիայի «նարատիվներին»:
Նաև հնարավոր է հիշել տարբեր քաղաքական ուժերի առաջնորդների հայտարարութուններ, ինչպես «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Զավենի Սարգսյանի դեպքում, որը բացահայտորեն դժգոհություն էր արտահայտում, որ Քաջարանի կոմբինատում ներդրվողը ռուսական կապիտալ է:
Ըստ որում, մամուլում տեղեկություններ կան այն մասին, որ գործադուլի նախաձեռնող շրջանակներում կան այդ կուսակցության համակիրներ և անդամներ:
Այս ամենն իսկապես հետաքրքիր է, հարցեր առաջացնող, որոշակի մտորումների բերող, հաշվի առնելով հենց այն աշխարհաքաղաքական պայքարը, որ ծավալվում է Սյունիքի շուրջ: Եվ նաև հարցեր առաջացնող է այն, որ այս ամենը ծավալվեց Նիկոլ Փաշինյանին վաշինգտոնյան այցին ընդառաջ:
Կրկնենք, որ սրանք հարցեր են, այլ ոչ պնդումներ, որոնք, սակայն, կառուցված են շատ ակնառու փաստական և ժամանակագրական պատկերների վրա, բերելով եզրահանգումների, որ կոմբինատի աշխատակիցների սոցիալական խնդիրները և դրանց բարելավման նրանց անկեղծ ձգտումները հմտորեն պարզապես այլ նպատակների են ծառայեցվում:
Սա, բնականաբար, բոլորովին չի նշանակում, որ պետք է անտեսել աշխատակիցների բարձրաձայնած հարցերն ու խնդիրները: Ավելին, բուն խնդիրն էլ հենց այն է, որ առանձնահատուկ կարևորություն ունեցող և ակնհայտորեն ոչ միայն զուտ տնտեսական մոտիվներով կոմերցիոն նպատակներ հետապնդող, այլ Սյունիքում դե ֆակտո մինչև անգամ պետական գործառույթներին բնորոշ գործունեություն ծավալող ընկերության շուրջ ստեղծված իրավիճակում պետությունը չպետք է մնա միայն դիտորդի կարգավիճակում: Պետք է ձեռնարկվեն բարձրաձայնվող խնդիրների լուծման օպտիմալ փոխզիջումներ գտնելուն ուղղված քայլեր, որոնք ոչ միայն պետք է նպաստեն իրավիճակի օր առաջ հաղթահարմանը և ձեռնարկության աշխատանքը վերսկսելուն, այլ նաև միտված լինեն այնպիսի միջավայր ձևավորելուն, որ երկարաժամկետ առումով չեզոքացվեն և կոմբինատի շուրջ հնարավոր մանիպուլյատիվ քաղաքական խաղարկումների դրսևորումների հնարավորություններ չլինեն: