Ով է Ստամբուլի ձերբակալված քաղաքապետը եւ ինչ վտանգ է ներկայացնում Էրդողանի համար

Թուրքական մամուլը եւ համաշխարհային լրատվամիջոցները մարտի 19–ին հայտնեցին Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի ձերբակալության մասին։

Էքրեմ Իմամօղլուն Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսացության անդամ է 2008–ից։ 2019–ի հունիսի 23–ին ջախջախիչ հաղթանակ է տարել իշխող կուսակցության անդամի նկատմամբ եւ ընտրվել Ստամբուլի քաղաքապետ։ Ստամբուլում երբեւեէ ամենաշատ ձայներ հավաքած քաղաքապետն է։

Իմամօղլուն իր կուսակցության ներսում առաջադրվել է առաջիկա նախագահական ընտրություններում որպես նախագահի թեկնածու։ Նա նախագահական ընտրություններում Թուրքիայի գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հիմնական մրցակիցն է։

Էքրեմ Իմամօղլուն սիրված է ժողովրդի կողմից։ Ոչ միայն Ստամբուլի բնակիչներն են նրան սիրում, այլ Թուրքիայի բազմաթիվ քաղաքներում։ Վերջին շրջանում տարբեր հետազոտական ընկերությունների կողմից անցկացված սոցհարցումները ցույց են տալիս, որ որպես նախագահի թեկնածու, Էքրեմ Իմամօղլուն ավելի շատ ձայներ ունի քան գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։

Էքրեմ Իմամօղլուն նաեւ հայ համայնքի նկատմամբ անտարբեր չէ։ Նա բազմիցս մասնակցել է Ստամբուլի հայկական եկեղեցիներում պատարագների եւ հնարավորինս աջակցել հայ համայնքի խնդիրների լուծմանը։

Մարտի 18–ին Ստամբուլի համալսարանը հայտարարել է, որ չեղարկել է Էքրեմ Իմամօղլուի դիպլոմը, իսկ արդեն մարտի 19–ի առավոտյան ձերբակալվում է Էքրեմ Իմամօղլուն՝ «հանցավոր խումբ ստեղծելու եւ ղեկավարելու» եւ կոռուպցիոն այլ մեղադրանքներով։

«Ժողովրդահանրապետական» կուսակցության ղեկավար կազմը հայտարարել են, որ սա քաղաքական ձերբակալություն է եւ փաստացի քաղաքացիական հեղաշրջում, քանի որ Էքրեմ Իմամօղլուն վարկանիշով առաջ է Էրդողանից եւ նախագահ դառնալու պոտենցիալ թեկնածու է։

Ստամբուլի նահանգապետարանը արգելել է հավաքներն ու բողոքի ակցիաները, սակայն դա չի վախեցրել Ստամբուլի քաղաքացիներին։ Մարտի 19–ին, Ստամբուլի համալսարանում, Ստամբուլի մետրոյի կայարաններում, Ստամբուլի տարբեր հատվածներում բողոքի մեծ ակցիաներ են տեղի ունեցել, որոնք միտում ունեն շարունակվելու։