Նոյեմբերի 16-ին վիճաբանություն և ծեծկռտուք է տեղի ունեցել Երևանում։ Տեղեկություն է ստացվել, որ Չեխովի փողոցի 47 հասցեում վիճաբանություն է տեղի ունենում և մասնակիցները իրար ծեծի են ենթարկում, իսկ քիչ անց կրկին տեղեկություն է ստացվել, որ Չեխովի փողոցի 56 հասցեում տեղի ունեցած ծեծկռտուքի հետևանքով շտապօգնության 64 խումբը «ձախ ուսահոդի հոդախախտ և աջ ձեռքի 4-րդ մատի կոտրվածք» ախտորոշմամբ «Շենգավիթ» բժշկական կենտրոն բուժօգնության է տեղափոխել մի քաղաքացու։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Շենգավիթի բաժնի պետ Արթուր Մկրտչյանը, բաժնի պետի տեղակալ Արծրուն Միքայելյանը։ Արդեն հիվանդանոցում ոստիկանները պարզել են, որ բուժօգնության տեղափոխվածը Երևանի բնակիչ 35-ամյա Վահե Ս․-ն է։
Շենգավիթի համայնքային ոստիկանները ու պարեկները Չեխովի փողոցի 56 հասցեի մոտից խուլիգանություն կատարելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով ձերբակալվել և ոստիկանության Շենգավիթի բաժին են տեղափոխել Երևանի բնակիչներ՝ 42-ամյա Հրաչիկ Ս․-ին, 37-ամյա Հայկ Ս․-ին, Վրաստանի Հանրապետության քաղաքացի 45-ամյա Ֆելիքս Ա․-ին և Երևանի բնակիչ 49-ամյա Կարեն Բ․-ին։




