«Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը հարցազրույց է տվել «Հրապարակ» թերթին, որտեղ անդրադարձել է Խաչիկ Գալստյանի նկատմամբ իրականացվող հետապնդումներին, կալանքին։
«Խաչիկ Գալստյանի պաշտպանությամբ իրավաբանական մասով զբաղվում է փաստաբանական խումբը, ընդ որում, նրանց գնահատմամբ, ընդհանրապես հիմք չկա Խաչիկ Գալստյանին քրեական հետապնդման ենթարկելու եւ ազատությունից զրկելու համար։ Մնացած քաղաքական ակցիաները, քաղաքական պրոցեսները հանրության աչքի առջեւ են։ Ինչ խոսք, մեր պայքարը ոչ միայն Խաչիկ Գալստյանի ազատության, այլեւ առհասարակ բոլոր քաղաքական բանտարկյալների ազատության համար է, եւ չի կարելի տարանջատել՝ մարդը կուսակցության անդամ է կամ առհասարակ կուսակցական չէ, ուղղակի մարդ է, որ ունի տարբերվող հայացքներ այս իշխանությունների հայացքներից եւ դրա պատճառով հետապնդվում է։ Մենք պայքարում ենք բոլոր քաղբանտարկյալների համար, հիմա, ցավոք, Հայաստանում աննախադեպ քանակի՝ քաղաքական հայացքներով պայմանավորված բանտարկյալներ կան, այսպիսի իրավիճակ երբեւիցե, կարծում եմ, չի եղել»,-նշել է Վանեցյանը։
Հարցին՝ եթե նախընտրական պայքարը թեժանա, արդյո՞ք քաղբանտարկյալները կավելանան, «Հայրենիք» կուսակցության ղեկավարը պատասխանել է. «Միանշանակ՝ այո, դա իշխանությունը չի էլ թաքցնում, բացահայտ ասում են՝ ով իրեն լավ չպահի, կտանենք կլցնենք, իրենց բառերով ասած՝ «ԿԳԲ-ի պադվալները», այս կանենք, այն կանենք։ Բայց դա մեզ չի վախեցնում, եւ վստահ եմ, որ որեւէ մեկին չի վախեցնում։ Այլեւս Հայաստանում մարդուն ազատությունից զրկելով՝ չես կարող վախեցնել, դարձել է սովորական, եւ մարդիկ պատրաստ են իրենց գաղափարների համար, իրենց պայքարի համար նաեւ զրկվել ազատությունից»։
Անդրադառնալով Խաչիկ Գալստյանի՝ կուսակցությունում կատարած հսկայական աշխատանքին, Արթուր Վանեցյանը շեշտել է, որ նրան համակարգից հանելը բարդացրել է կուսակցության գործունեությունը։ Նա նաև նշել է, որ նախընտրական այս փուլում կարող են շատ ընդդիմադիրների ձերբակալել՝ այդպիսով պակասեցնելով ընդդիմադիր թևի ուժերը.
«Իհարկե, նման վտանգ կա, որովհետեւ, օրինակ, Խաչիկ Գալստյանը «Հայրենիք» կուսակցության գլխավոր քարտուղարն է, եւ դուք հասկանում եք, որ հատկապես էս նախընտրական փուլում ինչքան մեծ ծավալի աշխատանք էր կատարում, եւ նրան այս համակարգից հանելը, անգամ 1 կամ 2 ամսով, իրականում բավականին բարդացնում է մեր կուսակցական աշխատանքները, ընդ որում՝ թե՛ գաղափարական, թե՛ կազմակերպչական առումներով։ Բայց էլի եմ կրկնում՝ մենք պատրաստ ենք դրան, վստահ եմ, որ Խաչիկն էլ է պատրաստ, մնացածն էլ, ով այսօր անազատության մեջ է, պատրաստ են, ու ինչքան էլ գործը բարդանա, որեւէ խնդիր չեմ տեսնում։ Օրը գալու է, բոլորը պատասխան են տալու թե՛ օրենքի առջեւ, թե՛ իրենց խղճի առջեւ, նրանք չեն կարող խուսափել այս ամենի համար պատասխանատվությունից»։




