Կարեն Հեքիմյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Վերջերս Նիկոլ Փաշինյանի կառավարությունը որոշեց «հերոս-հարկատուների» աշխատավարձերից որոշակի գումար գանձել, խոսնանալով այն ուղղել առողջության համընդհանուր ապահովագրությանը: Ըստ էության, վատ ծրագիր չէ: Սակայն, խնդիրն այն է, թե ով է այն իրականացնում: Իսկ ճանաչելով ծրագրի «իրականացնողներին», տրամաբանող մարդկանց մոտ հարց է առաջանում` որտե՞ղ են ուզում մեզ «քցել»: Կարծես հասկացա, թե որտեղ: Փորձեմ բացատրել շատ որոշակի օրինակով:
ՀՀ քաղաքացին ունի հաշմանդամության խումբ: Քոչարյան Ռոբերտի և Սարգսյան Սերժի «արյունալի» ռեժիմների օրոք այդ քաղաքացին պոլիկլինիկայից վերցնում էր ուղեգիր, գնում էր բժշկական կենտրոն և առանց խնդրի` ԱՆՎՃԱՐ (պետպատվերով), սպասարկվում էր: Այժմ այդ նույն քաղաքացին «առողջության համընդհանուր ապահովագրության» շահառու է: Վերջինս այնպես, ինչպես նախկինում վերցնում է ուղեգիրը, սակայն … չի սպասարկվում: Շենգավիթ Բժշկական Կենտրոն-ում, Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնում լսել չեն ցանկանում «պետպատվերի» մասին` «մենք պետպավերով չենք սպասարկում և վերջ»: Նախկին 8-րդ հիվանդանոցում (Երևան Բժշկագիտական կենտրոն իրենք էլ չգիտեն սպասարկու՞մ են, թե՞ չեն սպասարկում: Սկզբից ասում են, որ սպասարկում են, իսկ կես ժամ անց «պարզվում է»` չեն սպասարկում: «Աստղիկ» ԲԿ-ում լսելով «պետպատվերի» մասին, շտապում են տեղեկացնել, որ իրենց մոտ «համավճար է»:
ՀՀ առողջապահության նախարարությունն իրավիճակին չի տիրապետում: Նախարարությունից «պարզաբանում են», որ «Շենգավիթ» ԲԿ-ն իբր ինչ-որ «կոդեր» չունի և հորդորում են գնալ Մալայանի անվան ակնաբուժական կլինիկա: Վերջինս կրկին չի ընդունում: Նախարարությունը բացատրություն չունի: «Կոդերի» մասին հեքիաթը փուչիկի նման պայթում է: Սակայն, ուշադրություն դարձրեք «Աստղիկ» ԲԿ-ի դիրքորոշմանը, այն է ` ՀԱՄԱՎՃԱՐ: Հենց սա է մեզ «քցելու» բանալի բառը: Համոզված եմ` շուտով բոլոր ԲԿ-ները կսկսեն գործել համավճարի սկզբունքով: Իսկ մինչ այդ, վստահ եմ` կթանկացնեն ծառայությունների արժեքը: Օրինակ` այժմ ծառայությունն արժի 100 000 ՀՀ դրամ: Այդ ծառայության արժեքը կդառնա 200 000 ՀՀ դրամ: Կիրառելով «համավճարի» սկզբունքը, ուղեգրով քաղաքացուն կսպասարկեն 100 000 ՀՀ դրամով, այսինքն` ԲԿ-ում գործող իրական գնով:
Կարծում եմ` այսպիսի աճպարարություն են պատրաստել մեզ համար:
Կարծում եմ` հենց այստեղ են ուզում մեզ «քցել»:





