ՀՀ արտգործնախարարությունը տեղեկություն չունի «3+3» ձևաչափով նախարարական հանդիպման անցկացման ճշգրիտ ժամկետների և վայրի մասին: Նման եզրակացության կարելի է հանգել Sputnik Արմենիայի գրավոր հարցման պատասխանից։
Ավելի վաղ ՀՀ փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը IRNA-ին տված հարցազրույցում ասել էր, որ «3+3» ձևաչափով հաջորդ հանդիպումը կարող է տեղի ունենալ կա՛մ Երևանում, կա՛մ Բաքվում:
«Հայաստանի Հանրապետությունը հայտնել է իր պատրաստակամությունը՝ հյուրընկալելու «3+3» տարածաշրջանային խորհրդատվական հարթակի նախարարական հերթական հանդիպումը։ Նմանօրինակ պատրաստակամություն էր հայտնել նաև Ադրբեջանի Հանրապետությունը»,- Sputnik Արմենիային պատասխանել են ԱԳՆ–ից։
Գերատեսչությունը նաև նշել է, որ հանդիպման անցկացման ժամկետները և վայրը որոշելու համար պետք է անցկացվեն քննարկումներ:
Ավելի վաղ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ՀՀ ԱԳՆ ղեկավար Արարատ Միրզոյանի հետ ասուլիսի ժամանակ հայտարարել էր, որ Հարավային Կովկասի հարցով «3+3» ձևաչափի երրորդ նախարարական հանդիպումը նախապատրաստվում է, իսկ Մոսկվան կողմ է, որ հաջորդ երկու հանդիպումները կայանան Բաքվում և Երևանում: