Որոշում եմ կայացրել՝ ընդունել «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության առաջարկությունը և դառնալ նրա քաղաքապետի թեկնածուն Գյումրիի ավագանու ընտրություններում. Արտյոմ Ղարաղազարյան

Արտյոմ Ղարաղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Հարգելի գյումրեցիներ,
Վերջնական որոշում եմ կայացրել՝ ընդունել «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության առաջարկությունը և դառնալ նրա քաղաքապետի թեկնածուն Գյումրիի ավագանու մարտի 30-ի արտահերթ ընտրություններում:
Գյումրիի ավագանու արտահերթ ընտրություններում մեր թիմը բաղկացած է արդյունք ստեղծող, արարող մարդկանցից:
Մենք ողջ կյանքում արարել ենք, ստեղծել ենք աշխատատեղեր, որոնց շնորհիվ գյումրեցին կառչած է մնում իր հողին:
Ես ու իմ թիմը, «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցությունը արդար քրտինքով իր հացը վաստակող մարդկանց կողքին ենք, նրանց շահերի պաշտպանը:
Հենց այս նպատակադրումով ու ուժեղ թիմով ներկայանում ենք պատվախնդիր գյումրեցուն:
Մենք ունենք Գյումրիի զարգացման ծրագիր՝ «Ճիշտ քաղաք» անունով, որի բոլոր դրույթները մեր հարգելի ընտրողներին հասանելի կդառնան առաջիկա օրերի և շաբաթների ընթացքում: