Մամուլում հաճախ կարծիք էր արտահայտվում, որ իմ ակտիվությունը, մամուլի ասուլիսները, «իմ գոյությունը» խանգարում է ինչ-որ մարդկանց կայանալ քաղաքական դաշտում, ես համաձայն չէի այդ թեզի հետ, սակայն համաձայնեցի մարդկանց այդ հնարավորությունը տալ, հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։
«Բայց ի՞նչ եղավ։ Ես չէի խոսում, բայց իմ մասին խոսում էին, նույնիսկ իմ ստվերի մասին էի բավականին հաճախ խոսում և հիմնականում խոսում էին նրանք, ովքեր ցանկանում էին, որ ես չխոսեմ։ Ունենք այն, ինչ ունենք և այսօր, չնայած իմ բոլոր ջանքերին, կա մի մեծ զանգված, որը սպասում է իմ խոսքին։ Սա էր առաջին պատճառը, որ պասիվություն էի դրսևորում։ Իսկ երկրորդ պատճառն այն էր, որ մտածեցի՝ միգուցե ճիշտ է, որ վարչապետին մենակ թողնեմ իր ընտրազանգվածի հետ։ Մտածեցի միգուցե օգտակար կլինի, որ ինքը բացատրի 600 հազար «վարչապետներին», թե ինչու է իրենց կյանքը վատանում, ինչու է կառավարությունն անխնա մտնում իրենց գրպանները, ինչու են իրենք դարձել տուգանքի մատերիալ, ինչու է կառավարությունը խրվել կոռուպցիայի մեջ, ինչու է աղքատությունը իրենց գլուխներում, իսկ ՔՊ-ականների հարստությունը՝ իրենց սեյֆերում»,-նշեց նախկին նախագահը։