Մենք դեռ պետք է քննարկումներ ունենանք՝ հասկանալու համար, թե ինչ է տեղի ունեցել։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 5–ին, լրգրողների հետ զրույցում նշեց Գյումրիի Սուրբ Աստվածածաին եկեղեցու (Յոթ վերք) եկեղեցու հոգևոր հովիվ տեր Հուսիկ քահանա Գրիգորյանը՝ անդրադառնալով նրան, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ իրենց եկեղեցում այս կիրակի մասնակցելու է պատարգի։
«Մենք պետք է հասկանանք, թե ինչ պայմաններով է նա ցանկանում գալ, ներկա լինել պատարագի։ Բոլորս տեսանք, իմացանք, որ շատ մարդկանց մոտեցել էին, հատկապես մի քանի հոգևորականների անուն շրջանառվեց, որ առաջարկել էին զեղչել Վեհափառ հայրապետի և նաև առաջնորդի անունը, բայց համաձայնություն չի եղել։ Շիրակի թեմում որեւէ հոգևորական չի համաձայնել զեղչել Վեհափառ տիրոջ և առաջնորդի անունը»,–ասաց նա։
Հարցին, ինչպե՞ս է հնարավոր, որ տեղի քահանան զրկվի պատարագ մատուցելու հնարավորությունից և այլ հոգեւորական գա ու պատարագ մատուցի, տեր Հուսիկը պատասխանեց. «Տարբեր ժամանակներում եղել են և՛ եպիսկոպոսներ, և՛ քահանաներ, և՛ վարդապետներ, որոնք ցանկություն են ունեցել ոչ իրենց թեմի տարածքում գտնվող եկեղեցում պատարագ մատուցել։ Այդ ժամանակ կարգը այսպես է, որ պիտի թեմի առաջնորդից թույլտվություն ստանան, և նաև պատշաճ է, որ տեղի հոգևորականը տեղյակ լինի։ Հիմա այս պարագային ես կարող եմ ասել, որ մենք այստեղ Սուրբ Աստվածածին եկեղեցու մեջ երեք հոգևորականներով ենք, բայց որևէ մեկս տեղյակ չէինք, որ ինչ-որ մեկը ցանկանում է գալ պատարագ մատուցել։
Այս դեպքում թույլտվությունը պետք է լինի Միքայել Սրբազանից և եթե մարդ ցանկություն ունենա թույլտվություն ստանալու, դա հնարավոր է, որովհետև Միքայել Սրբազանի մոտ իրավաբանները կարող են մտնել, հարցնել, ինչ-որ ձևի կապ ստեղծել»։
Դիտարկմանը, որ նախապես հայտարարվել էր, որ տեր Գառնիկն է պատարագը մտուցելու, ի՞նչ փոխվեց, արդյոք սպառնալիք է եղել, կամ ԱԱԾ–ն թույլ չի տվել, մյուս կողմից տեղեկություններ կան, որ այլ հոգևորականների թույլ չեն տալու ներկա լինել պատարագին այդ ընթացքում, Տեր Հուսիկն ասաց. «Ես Յոթ վերքում եմ ծառայում, որովհետև սա իմ նշանակման վայրն է, և ես պարտավոր եմ լինելու իմ եկեղեցում։ Իսկ եթե, ասենք, Տեր Հուսիկին բռնի, եկեղեցուց հանում են, նշանակում է, որ բռնազավթում են կատարում։
Մանավանդ այս շաբաթ էլ ես հերթապահ եմ, և կիրակի ու շաբաթ օրերին ունեմ կնունքներ։ Եթե ինձ բռնի հանում են, նշանակում է, որ էդ մարդկանց, որոնք պիտի մկրտվեն, ստանան քրիստոնյա անունը, դառնան Քրիստոսի զավակ, խախտվում է էդ մարդկանց իրավունքը։ Փաստացի, ես չեմ կարողանալու մկրտել այդ մարդկանց։
Եթե ինձ բռնի հանեն եկեղեցուց, նշանակում է, որ բռնազավթելու նպատակ կա այստեղ, դա էլ, եթե չեմ սխալվում, քրեական հոդված է, և դա անողը պետք է պատասխանատվության կանչվի։
Ինչ վերաբերում է նրան, որ տեր Գառնիկը չի լինելու պատարագիչը, ինձ համար դա անակնկալ էր. «Ես գիտեի, որ ինքը պետք է գար իր անդրանիկ պատարագը մատուցել։ Ինքը շատ վաղուց խնդրել էր հայրապետին, որ իր առաջին պատարագը այստեղ մատուցի։ Ես իր հետ չեմ զրուցոել, պատճառը չգիտեմ»։
Հարցին՝ եթե ուրիշ քահանա լինի պատարագ մատուցողը, դուք կմասնակցե՞ք, թե դուրս կգաք, նա պատասխանեց. «Ես ավելի շատ տեսնում եմ, որ ամեն ինչ պիտի ճիշտ ընթացքի մեջ պլանավորվի։ Եկեղեցին իր դռները բաց է պահում բոլորի առաջ, բոլորը կարող են գալ, մտնել, մասնակցել։ Հայ եկեղեցին հայ ժողովրդի եկեղեցին է, որովհետեւ ամեն ինչ այստեղ հայերեն է»։




