ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ ծանր հանցագործությունների քննության բաժնում ավարտվել է քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ստանալու, խմբավորումը ղեկավարելու և մասնակցելու, քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձին (օրենքով գող-խմբ.) դիմելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը՝ 5 մեղադրյալի մասով:
ՔԿ-ից NEWS.am-ին հայտնում են, որ նախաքննության ընթացքում փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ Հ.Խ.-ն, ստանալով «քրեական հեղինակության» քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ», հանդիսանալով քրեական աստիճանակարգությամբ ու միջանձնային հիերարխիկ հարաբերություններով օժտված անձանց միավորման՝ քրեական ենթամշակույթ կրող խմբավորման անդամ, իր անօրինական ազդեցությունն օգտագործելու և սպառնալիքի միջոցով ստանձնել է մասնավոր, այն է՝ պարտք մնացած գումարի վերադարձման, ինչպես նաև՝ այլ խնդիրներին վերաբերող վեճերն իրեն դիմած անձանց օգտին լուծելու հարցեր:
Քննությամբ հիմնավորվել է, որ տարբեր անձինք իրենց հերթին, այդ թվում՝ Պ.Ս.-ն, ստանալով և կատարելով քրեական ենթամշակույթ կրող խմբավորման կողմից հետապնդվող նպատակների իրականացմանն ուղղված գործողություններ կատարելու մասին հանձնարարությունները, մասնակցել են քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը, ինչպես նաև ներգրավված են եղել դրա կողմից հետապնդվող նպատակների իրականացմանը: