«ԵՄ մեր գործընկերներն աջակցելու են Հայաստանին, պայքարելու են հիբրիդային սպառնալիքների դեմ, որոնք մենք տեսնում ենք։ Այս պահին հնարավոր ժամկետների մասին քննարկումներն ընթանում են ԵՄ գործընկերների հետ»։ Այս մասին այսօր՝ մարտի 12-ին, NEWS.am–ի հետ զրույցում ասաց ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը՝ հարցին այն մասին, թե երբ է ԵՄ մասնագիտական խումբը գալու Հայաստան և ինչով է զբաղվելու։
Հարցին՝ արդյո՞ք Հայաստանը չէր կարող միայնակ պայքարել հիբրիդային սպառնալիների դեմ, Կոստանյանը պատասխանեց․
«Հայաստանը ունի իր կարողությունները, բայց վստահաբար որոշակի էքսպերտային աջակցությունը մշտապես կարող է ավելի օգտակար լինել։ Նախորդ բոլոր ընտրություններում էլ մեր միջազգային տարբեր գործընկերներ տարիներ շարունակ աջակցել են Հայաստանի Հանրապետությանը»։
Վահան Կոստանյանը չնշեց, թե որ երկրներից է մասնավորապես Հայաստանը հիբրիդային պատերազմի սպառնալիք տեսնում։
«Մենք ունենք մեր ընկալումները նաև աղբյուրների մասին, ըստ անհրաժեշտության մեր տարբեր գործընկերներ դրանց մասին բարձրաձայնում են։ Վստահ՝ եմ տեսել եք նաև արտաքին հետախուզական ծառայության վերջին հայտարարությունը»,–նշեց Կոստանյանը:
Վահան Կոստանյանը հայտարարեց, որ ԱԳՆ–ն նույնպես տիրապետում է տեղեկությունների այն մասին, որ այլ երկրում ՀՀ քաղաքացների նկատմամբ ճնշումներ են գործադրվում՝ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ։
Հիշեցնենք, որ Հայաստանի արտաքին հետախուզության ծառայությունը հայտարարություն էր տարածել այլ երկրում ՀՀ քաղաքացների նկատմամբ գործադրվող ճնշումների և սպասվող ընտրական գործընթացներին միջամտության վերաբերյալ։
«Արտգործնախարարությունը նույնպես իր հերթին նման տվյալների տիրապետում է, բայց դրանք կհանրայնացվեն ըստ անհրաժեշտության։ Ներքին գործերի նախարարությունը և մեր համապատասխան կառույցները նաև հետևում են գործերին և, միգուցե, այդտեղ նաև քրեական պատասխանատվության հարց առաջանա»,–նշել է Կոստանյանը։





