Առաջիկայում տեղի են ունենալու ֆունդամենտալ փոփոխություններ, մասնավորապես հիմա մենք գոհունակությամբ պետք է արձանագրենք, որ Հայաստանը քայլ-քայլ շրջափակումը հաղթահարում է։ Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 23–ին, կառավարության նիստում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։
«Արդեն երկու օր քննարկվում է, որ Ադրբեջանը հայտարարեց դեպի Հայաստան արտահանման սահմանափակումների վերացման մասին, և ես Թբիլիսիում տեղի ունեցած «Մետաքսի ճանապարհ» համաժողովի ժամանակ իմ գնահատանքն եմ արտահայտել Ադրբեջանի նախագահի այս որոշման կապակցությամբ և ողջունել եմ այդ որոշումը։ Նույնը ուզում եմ անել նաև այստեղ, որովհետև դա շատ կարևոր որոշում է և դա ցույց է տալիս, որ Վաշինգտոնի հռչակագիրը և ձեռք բերված պայմանավորվածությունները, դրանք միայն դեկլարացիա չեն, դրանք իրենց հետ բերել են կոնկրետ արդյունքներ։
Երբ որ մեր որևէ գյուղում կրակոցի ձայն է լսվում, հաջորդ օրը ամբողջ սոցիալական ցանցերում բուռն քննարկվում է այդ թեման, բայց որ որևէ գյուղում երկար ժամանակ կրակոցի ձայն չի լսվում, դա բնականաբար ոչ մեկը չի քննարկում, ոչ մեկ ամեն օր չի վեր կենում, ասում՝ վայ այսօր էլ մեր գյուղում կրակոցի ձայն չլսվեց։ Բայց մենք ամեն օր այդ ինֆորմացիան ունենում ենք։ Մենք այս պարամետրերը պետք է տեսնենք, կշռենք, որպեսզի նաև մենք դինամիկան տեսնենք, մենք ու՞ր ենք գնում, մենք շարժվում ենք, թե չենք շարժվում»,–ասաց նա։
Փաշինյանը նկատեց, որ որոշ մարդիկ առավոտից երեկո հայտարարում են, թե Հայաստանը կործանվում է. «Այդ մարդիկ ուղղակի չգիտեն Հայաստանը։ Հայաստանում կան ինստիտուտներ, կազմակերպություններ, քաղաքական փիլիսոփայություն, որը ինքը ապրում է Հայաստանի կործանման բանաձևի մեջ։ Այսինքն իր հարաբերության ձևը, իր գործունեության ձևը, իր գործունեության օբյեկտը կործանվող Հայաստանն է։ Եթե Հայաստանը չի կործանվում, գործունեության դաշտ չկա, հետևաբար գործունեության դաշտ գոնե մի քիչ ապահովելու համար պետք է հիմնավորել, որ Հայաստանը կործանվում է։ Բայց ոնց որ դա էլ արդեն չի ստացվում և երեկվա ընդդիմության դատարկ տեղերով խորհրդարանական դահլիճը դրա մասին է վկայում»,–ասաց Փաշինյանը։