Այսօր՝ սեպտեմբերի 2-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20։40-ի սահմաններում Նուբարաշեն-Մասիս ավտոճանապարհի 5-րդ կմ հատվածում բախվել են «Opel Zafira» և «Opel Astra» մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 3 հոգի տեղափոխվել են Երևանի տարբեր հիվանդանոցներ։
Վիրավորներին առաջինն օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի թիվ 15 փրկարարական ջոկատի փրկարարները։
Փրկարարները օգտագործել են հատուկ տեխնիկա՝ վիրավորներից 2-ին ավտոմեքենաներից դուրս բերելու համար։ Ժամանել են նաև Երևանի թիվ 4-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։
Տեղում պարեկները օպերատիվ տեղեկություններ են ստացել, որ վթարի հետևանքով 1 հոգի դեպքի վայրից ոչ թե հիվանդանոց է մեկնել, այլ տուն, որտեղ էլ նրա ինքնազգացողությունը վատացել է ու պարեկները ահազանգել են շտապօգնություն և ժամանած բժիշկների հերթապահ խումբը դեպքի վայրից՝ վաշտի հրամանատար Վահագն Խառատյանի ուղեկցությամբ մեկնեց այդ վիրավորի բնակության վայր, որտեղից տեղեկացան, որ նրան նույնպես տեղափոխել են հիվանդանոց։ Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորդների, մահացածի և վիրավորի ինքնությունը։