Երևանում երեկ երեկոյան 4 ավտոմեքենա բախվել են իրար. 1 մարդ մահացել է, հայտնում է ՆԳՆ մամուլի ծառայությունը։
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգը ստացվել է օգոստոսի 10-ին, ժամը 17:26-ին։ Հայտնել են, որ Երևան քաղաքի Սեբաստիայի փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
«Պարզվել է, որ Սեբաստիայի փողոցի թիվ 188 շենքի մոտակայքում բախվել են «Opel», «Chevrolet», «Mitsubishi» և «Volkswagen» մակնիշների ավտոմեքենաները․ «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենայի վարորդը տեղում մահացել է»,–ասված է հաղորդագրության մեջ։
Փրկարարները «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենայի վարորդի դին մոտեցրել են դի տեղափոխող մեքենային, իսկ ուղևորին` շտապօգնությանը, ով հոսպիտալացվել է բժշկական կենտրոն:
«Volkswagen» մակնիշի ավտոմեքենայի ուղևորին շտապօգնության աշխատակիցները տեղում ցուցաբերել են առաջին բուժօգնություն, «Chevrolet» մակնիշի ավտոմեքենայի ուղևորները տեղափոխվել են բժշկական կենտրոն:
Փրկարարները հոսանքազրկել են «Chevrolet», «Mitsubishi» և «Volkswagen» մակնիշների ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները և սահմանազատել տարածքը։