Ոչ ոք չհերքեց, որովհետև վախեցան, որ Արշակ Կարապետյանը կարող է հրապարակել իր հայտարարությունը հաստատող փաստական տեղեկություններ

Հրապարակը գրում է․
Ալեն Սիմոնյանն արցախցի լրագրողին ասում է, որ արցախցիները, չնայած ուժերի ակնհայտ անհավասարությանը եւ շրջափակման մեջ լինելուն, պետք է կռվեին: Սիմոնյանը գիտի, որ արցախցիները կռվել են, նրանք կշարունակեին կռվել, եթե չլսեին, որ Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը դիմադրությունը դադարեցնելու հրաման է տալիս, այդ թվում` Արցախում գտնվող Հայաստանի բանակի ներկայացուցիչներին, իսկ նման պայմաններում կռվել՝ կնշանակեր տեղահանության եւ հայրենազրկման փոխարեն մասսայական բնաջնջում: Փաշինյանի եւ նրա մոտ ԱԺ նախագահ աշխատող Ալեն Սիմոնյանն արցախցիների համար հենց այդպիսի ճակատագիր էին կանխորոշել, որը չհաջողվեց իրականացնել:

Ալեն Սիմոնյանը դուրս է գալիս ինքնատիրապետումից, երբ արցախցի լրագրողը նրան հարցնում է․ «Ե՞րբ եմ ես վերադառնալու Արցախ, ե՞րբ հնարավորություն կունենամ տեսնել իմ հայրենիքը»: «Դուք դուրս եկաք այդտեղից, որովհետեւ անվտանգ չէր, չնայած՝ կարելի էր մնալ եւ պայքարել, բայց դուք դուրս եկաք»։ Երբ լրագրողն ասում է, որ այնտեղ արդեն մարդկանց մորթում էին, Սիմոնյանը մի քանի անգամ կրկնում է. «Պետք էր կռվել»: Ընդհանրապես, կռվելու մասին իրավունք ունի խոսել մեկը, ով ինքը կռվել է. հայտնի իրողություն է, որ դավաճանն իրավունք չունի խոսել հայրենասիրությունից, մանկասպանը` հումանիզմից, անբարոյականը` բարոյականությունից, նապաստակը` քաջությունից: Բայց ՔՊ-ական իշխանությունը դուրս է բոլոր տեսակի օրինաչափություններից, եւ Ալեն Սիմոնյանը դրա վառ արտահայտությունն է: Կռվելու կոչ է անում մի իշխանության ներկայացուցիչ, որի համաձայնության եւ կնքած գործարքի պայմաններում տեղի ունեցան Արցախի էթնիկ զտումն ու գրավումը: 

Երբ Ադրբեջանը 2023 թվականի սեպտեմբերի 19-ին հերթական ռազմական ագրեսիան սկսեց Արցախի նկատմամբ, Ադրբեջանի իշխանությունները հավաստիացում ունեին Հայաստանից, որ Հայաստանի իշխանությունները չեն միջամտի, Արցախի տարածքում գտնվող Հայաստանի բանակի ստորաբաժանումներին հրաման չի տրվի՝ պաշտպանել Արցախն ու նրա բնակիչներին: Իսկ որ Արցախի տարածքում այդ ժամանակ կային հայկական բանակի մեծաքանակ ուժեր, սրանից երեք ամիս առաջ հայտարարեց Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք նրա խորհրդական, այնուհետեւ նրա հրամանով Հայաստանի գլխավոր շտաբի պետի տեղակալ, դրանից հետո էլ պաշտպանության նախարար աշխատած Արշակ Կարապետյանը:

Նա իր հարցազրույցներից մեկում հայտարարեց, որ 2023 թվականի սեպտեմբերին Արցախի տարածքում գտնվում էր Հայաստանի բանակի 17 հազարանոց զորախումբ, որը հրաման էր ստացել՝ որեւէ կերպ չմիջամտել ադրբեջանական բանակի ագրեսիային: Արշակ Կարապետյանի հայտարարությանը որեւէ արձագանք չեղավ, որեւէ մեկը` ո՛չ Հայաստանի իշխանության եւ ո՛չ էլ բանակի ներկայացուցիչներից, չհերքեց նրա հայտարարությունը: Ակնհայտորեն, վախեցան, որ եթե նման հերքում հրապարակեն, Կարապետյանը կարող է հրապարակել իր հայտարարությունը հաստատող փաստական տեղեկություններ: Նա Հայաստանի գլխավոր շտաբի պետի տեղակալ եւ պաշտպանության նախարար էր աշխատել 44-օրյա պատերազմից հետո, պաշտպանության նախարարի պաշտոնից ազատվել է 2021 թվականի նոյեմբերին եւ չէր կարող տեղյակ չլինել, թե ինչ ռազմական ներկայություն ունի Հայաստանն Արցախի տարածքում:

Հիմա նայենք, թե ինչպես իրեն պահեց Նիկոլ Փաշինյանը, երբ Ադրբեջան, հերթական անգամ հարձակվեց Արցախի վրա: 2023 թվականին Փաշինյանը հանդես եկավ ուղերձով, որի ժամանակ հայտարարեց. «Ուզում եմ արձանագրել, որ Հայաստանի Հանրապետությունը ռազմական գործողությունների մեջ ներքաշված չէ, եւ ուզում եմ հերթական անգամ արձանագրել, որ Հայաստանի Հանրապետությունը Լեռնային Ղարաբաղում բանակ չունի»:

Ինչի՞ համար էր Փաշինյանի այս հայտարարությունը, եւ ո՞ւմ էր այն ուղղված: Իհարկե, Արցախում տեղակայված Հայաստանի բանակի ստորաբաժանումներին, սա նրանց տրված ուղիղ հրաման էր, որ իրենք որեւէ կերպ չպետք է միջամտեն, չներքաշվեն ռազմական գործողությունների մեջ, եթե անգամ ներքաշվեն, ինքը հրաժարվում է նրանցից, նրանց ՀՀ բանակի ներկայացուցիչներ չի ճանաչում: Այնուհետեւ նա այս նույն բանակին բացատրում է, թե ինչու չպետք է միջամտել, ինչու պետք է դիտորդի դերում հետեւել, թե ինչպես են կոտորում արցախահայությանը: «Եվ նաեւ մեր հանրության ուշադրությունն եմ ուզում հրավիրել ներքին եւ արտաքին մի շարք ուժերի վրա, որոնք անպայմանորեն ուզում են, որ Հայաստանը ներքաշեն լայնածավալ ռազմական գործողությունների մեջ: Դա տեսանելի է, եւ մենք մեր դիրքորոշմամբ արձանագրում ենք, որ Հայաստանի Հանրապետությանը ռազմական էսկալացիայի մեջ ներքաշելու փորձերը մեզ համար անընդունելի են, եւ մենք կառավարելու ենք այս գործընթացը, ինչքան էլ հասկանում ենք, սիրելի ժողովուրդ, այս իրադրությունում մեր բոլորի զգացողությունների էմոցիոնալ եւ բազմաթիվ այլ խնդիրներ: Բայց մենք չպետք է հնարավորություն տանք, որ որոշ մարդիկ, որոշ ուժեր՝ արտաքին, նաեւ՝ ներքին, Հայաստանի պետականությունը դնեն հարվածի տակ»,- իր ուղերձում ասում է Փաշինյանը՝ բանակին համոզելով, որ իրենց չմիջամտությամբ իրենք փրկում են Հայաստանի Հանրապետությունը, որի գոյությունը, իբրեւ թե, հարվածի տակ է:
Փաշինյանն Ալիեւին եւ, այսպես կոչված, միջազգային միջնորդներին` Ֆրանսիայի նախագահ Մակրոնին եւ Եվրախորհրդի նախագահ Շառլ Միշելին, 2022 թվականի հոկտեմբերի 6-ին երաշխիք էր տվել, որ Ադրբեջանի ռազմական ագրեսիայի դեպքում Հայաստանը ոչ մի դեպքում չի միջամտի, քանի որ ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, Արցախը ճանաչում է Ադրբեջանի մաս եւ, հետեւաբար, ճանաչում է Ադրբեջանի իրավունքը՝ Արցախի տարածքում իրականացնելու ցանկացած գործողություն, այդ թվում՝ հայերի մասսայական կոտորած: Ալեն Սիմոնյանը գիտի սրա մասին, բայց չկռվելու մեղքը գցում է արցախցի աղջկա վրա՝ գիտակցելով, որ հաջորդ անգամ Փաշինյանը կկալանավորի ոչ թե իր հարսին, այլ՝ հենց իրեն: 

Նիկոլ Փաշինյանը եւ Ալեն Սիմոնյանը, ինչպես նաեւ՝ ՔՊ-ական իշխանությունը, անմիջական պատասխանատվություն են կրում Ադրբեջանի կողմից իրականացված էթնիկ զտման եւ այդ զտումների ընթացքում իրականացված կոտորածների համար: Ցանկացած հանցագործության համար պատասխանատու են ոչ միայն անմիջական իրականացնողները, այլեւ նրանք, ովքեր պարտավորություն ունեին կանխելու դրանց իրականացումը, բայց իրենց դրել են կողքից դիտորդի դերում, իսկ հիմա էլ հայտարարում են, թե ինչու բոլորով չկռվեցիք եւ չմորթվեցիք, որ հիմա չգայիք ու մեր անդորրը չխանգարեիք: