Ոչ ոք չի մոռացվել, պատմության այս էջը փակված չէ․«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ, գեներալ-մայոր Արշակ Կարապետյան

Եղբայրներ և քույրեր, սիրելի՜ հայեր
Արցախյան պատերազմի հարգելի՜ վետերաններ

Մեր երկիրը, մենք բոլորս այսօր նշում ենք Հայրենիքի պաշտպանի օրը։

Անհերքելի և անգնահատելի է Հայրենիքի բոլոր պաշտպանների դերը մեր անկախ պետության կայացման և մեր ժողովրդի պատմության գործում։ Այս օրը նվիրված է Շուշիի ազատագրման տարեդարձին և հավերժ կմնա մեր սրտում։

Հայրենիքի պաշտպանները, կամավորները դրանք այն մարդիկ են, ովքեր ստանձնեցին մեր Հայրենիքի սահմանները պաշտպանելու և նրա անվտանգությունն ապահովելու պատասխանատվությունը հայ ժողովրդի արդար պայքարի օրերին, հատկապես պատերազմի առաջին շրջանում, երբ մենք չունեինք կանոնավոր բանակ։ Բոլորիս համար նրանք դարձան անկոտրում ոգու և կամքի խորհրդանիշ։

Մենք խոնարհվում ենք այն մարտիկների հիշատակի առջև, ովքեր հանուն ապագայի անառիկ պահեցին մեր երկրի սահմանները։ Ցավոք, նրանցից շատերի կյանքի գնով մենք հասանք հաղթանակի։ Մենք մեծարում ենք մեր մարտական ընկերներին և հատկապես նրանց, ովքեր հաշմանդամ են դարձել։

Կամավորների նոր սերունդը հավատքով և նվիրվածությամբ շարունակում է նշանակալի ներդրում ունենալ երիտասարդների ռազմահայրենասիրական դաստիարակության գործում, օգնել զոհվածների ու վիրավորների ընտանիքներին: Այս խնդիրներն այսօր չեն կորցրել իրենց արդիականությունը և պետք է լուծվեն մեր համատեղ ջանքերով։ Զոհված ազատամարտիկների հարգելի ծնողներ և հարազատներ, խոնարհվում ենք Ձեր առջև։ Մենք կիսում ենք Ձեր ցավը, գնահատում ենք Ձեր քաջությունը և միշտ կլինենք Ձեր կողքին։

Արցախյան առաջին պատերազմը, չնայած ներկայիս իշխանությունների կողմից մեր ժողովրդի շահերի դավաճանությանը, եղել և մնում է ժամանակակից հայոց պատմության փառավոր էջը, որը գրվել է Հայրենիքի պաշտպանների սխրանքի շնորհիվ, ովքեր, չխնայելով իրենց կյանքը, ինքնակամ ստանձնել են Հայրենիքի պաշտպանության մեծ առաքելությունը և պաշտպանել մեր ժողովրդի ազատության իրավունքը:

Ներկայիս վարչակազմը քարոզում է պարտվողականություն, փորձում է արժեզրկել Ձեր վաստակը, դրանք մոռացության մատնել։ Վարչակազմի վարած քաղաքականության հետևանքով արցախահայությունը վտարվել է իր բնօրրանից, որտեղ այժմ ոչնչացվում է հայ ժողովրդի պատմական ժառանգությունը։

Հայրենիքի մարտիկներ, մենք հիշում և պատվում ենք Ձեր սխրանքը։

Ի պատիվ յուրաքանչյուր զոհված մարտիկի, մենք անվանական պտղատու ծառեր կտնկենք դեպի Արցախ տանող ճանապարհի երկայնքով, և այդ ծաղկող այգիները, որպես Ձեր խիզախության վառ հիշեցում, կոգեշնչեն նրանց, ովքեր կշարունակեն առաջ շարժվել այդ ճանապարհով։ Ոչ ոք չի մոռացվել, և պատմության այս էջը դեռ փակված չէ։

Հավերժ փա՜ռք Հայրենիքի բոլոր պաշտպաններին։

8 մայիսի 2025 թվական

«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ

գեներալ-մայոր Արշակ Կարապետյան

Ինտերնետ կայքերի պատրաստում մատչելի գներով

Տրվում է 1 տարի անվճար տեխնիկական և ծրագրային սպասարկման երաշխիք։