Բաքվի դատարանում երեկ շարունակվել է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչների գործով նիստը։ Եզրափակիչ ելույթներ են ունեցել Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը, Դավիթ Մանուկյանը, Դավիթ Բաբայանը։ Նրանք չեն ընդունել իրենց առաջադրվող մեղադրանքներ։
Ադրբեջանական ԶԼՄ-ների փոխանցմամբ, Դ. Մանուկյանը ներկայացրել է իր հակափաստարկները մեղադրանքի կողմի պնդումներին: Նա նշել է, որ համաձայն չէ պետությունը պաշտպանող դատախազների կողմից ներկայացված փաստարկների հետ: Նա նաև ընդգծել է, որ չի մասնակցել Արցախի անվտանգության խորհրդի նիստերին՝ ո՛չ որպես մասնակից, ո՛չ էլ որպես դիտորդ. իր պաշտոնական պարտականությունները թույլ չէին տալիս դա անել։
Ըստ աղբյուրի, Դավիթ Բաբայանը հայտարարել է, որ ցանկանում է եզրափակիչ խոսքով հանդես գալ ռուսերենով։ Նա ներկայացրել է իր հակափաստարկները դատախազների հայտարարությունների վերաբերյալ։
Դատական հաջորդ նիստը տեղի կունենա դեկտեմբերի 22-ին։




