Ո՞ւր եք Դուք, թե նորեն հերթական իշխանությանն եք հաճոյանում. Հայր Ասողիկը՝ մտավորականներին

«Տարածաշրջանային լրջագույն զարգացումների, անիմանալի արհավիրքների առջև է կանգնած մեր Երկիրը: Համազգային համերաշխություն և միասնություն կայացնելու փոխարեն՝ ազգային ինքնության և արժեհամակարգի հիման վրա, Երկրի պետական ու քաղաքական գործիչները և ուժերը զբաղված են միմյանց քարկոծելով, միմյանց խաչելով… »,-գրել է Հայր Ասողիկ Կարապետյանը։

Հայր Ասողիկը շարունակել է. «Ավելին, իշխանությանց որոշ բարձր և խոնարհ ներկայացուցիչներ՝ ծանր կերպով մեղանչում են Սահմանադրության, օրենքների և միջազգային նորմերի առջև՝ բարբարոսաբար հարձակվելով Հայոց Եկեղեցու վրա. Ամենայն Հայոց Հայրապետը Եկեղեցու նվիրապետության մարմնացումն է և շնորհաբաշխության աղբյուրը, ուստի նրա Անձը կերպավորում է Եկեղեցու ամբողջությունը: Սա աստվածաբանական խորհուրդ է, որի ընկալման համար պահանջվում է համապատասխան կրթություն ու գիտություն: Չկա այս ամենը՝ պետք է իսպառ լռել ու կարկամել:

Իսկ այս աղետաբեր իրականության մեջ բացառիկ անելիք ունեն մեր մտավորականները՝ բարձր և խոնարհ: Ո՞ւր եք Դուք: Որտե՞ղ է Ձեր կենդանի պատը՝ ողջախոհ, հաշտարար, փրկարար:

Ազգային պետությունն ու Ազգային Եկեղեցին են վտանգված, իսկ Դուք լռո՞ւմ եք: Թե նորեն հերթական իշխանությանն եք հաճոյանում՝ անսկզբունք կրկնելով անհեթեթ մտքեր, հարցեր ու խոսքեր, ինչպես օրինակ՝ կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանը…

Արթնացեք, ձայն հանեք, երևան եկեք և ջանքեր գործադրեցեք կանխելու նոր արհավիրքները: Նաև, առավել ևս նաև Ձեր անսկզբունքայնության և անգործության պատճառով է, որ տարիներ շարունակ կորուստներ ու ողբերգություններ ունեցավ Հայաստանն ու մեր ազգը…

Ողջախոհություն ունեցեք և օրինակ վերցրեք բարձր Մտավորական պետական գործչից՝ ՀՀ առաջին Նախագահից, ով իմաստությունն ունեցավ ի դեմս Տ. Տ. Վազգեն Ա. Հայրապետի հերոսացնելու Հայոց Եկեղեցին, իսկ այսօր աջակից ու զորակից լինելու Հերոս Եկեղեցու գահակալին եւ Տ. Տ. Վազգեն Ա. Հայրապետի արժանահաջոդին՝ առաքինազարդ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսին:

Այս նկարագիրն ու կեցվածքը հարկավոր է ազգին, պետությանն ու իշխանություններին, քանի որ Դուք՝ մտավորականներդ եք կոչված կերտելու մերազնյա ԱՐՇԱԼՈՒՅՍԸ»։

Ինտերնետ կայքերի պատրաստում մատչելի գներով

Տրվում է 1 տարի անվճար տեխնիկական և ծրագրային սպասարկման երաշխիք։