Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Յուրի Բորիսովին ազատել է «Ռոսկոսմոսի» գլխավոր տնօրենի պաշտոնից, հայտնում են ռուսական Telegram-ի ալիքները։
Տիեզերական գործունեության պետական կորպորացիայի նոր ղեկավար է նշանակվել Դմիտրի Բականովը:
Մինչ Ռոսկոսմոսում նշանակվելը՝ 39-ամյա Բականովն աշխատել է ՌԴ տրանսպորտի նախարարությունում՝ որպես փոխնախարար։ Այս պաշտոնում նա, մասնավորապես, զբաղվել է նորարարության, այդ թվում՝ անօդաչու տրանսպորտի հարցերով։
Մինչ տրանսպորտի նախարարությունում աշխատանքի անցնելը Բականովը ղեկավարել է «Գոնեց» արբանյակային համակարգը՝ 2011-ից 2019 թվականներին։
Ռուսաստանում շատերը երիտասարդ պաշտոնյային փաղաքշաբար անվանում են դաշնության «Իլոն Մասկ»՝ նկատի առնելով նրանց՝ տիեզերքի հետ կապված գործունեության ընդհանրությունները:
Բորիսովը «Ռոսկոսմոսը» գլխավորում էր 2022 թվականից՝ փոխարինելով Դմիտրի Ռոգոզինին։ Մինչ պետական կորպորացիայի կազմում նշանակվելը՝ նա աշխատել է որպես ՌԴ կառավարության նախագահի տեղակալ՝ վերահսկելով տեխնոլոգիական և պաշտպանական համալիրը, իսկ մինչ այդ եղել է ՌԴ պաշտպանության փոխնախարար։