Իրազեկ քաղաքացիների միավորման ֆեյսբուքյան գրառումը․ «Ո՞ր փաստաթուղթն է սահմանափակում Հայաստանի ինքնիշխանությունը՝ ճանապարհի վրա․ Նոյեմբերի 9-ի՞, թե՞ Օգոստոսի 8-ի։ Վերջին օրերին մեդիատիրույթում ակտիվորեն քննարկվում է, թե ինչ է իրականում նախատեսում ՀՀ-ԱՄՆ-Ադրբեջան հռչակագիրը և ինչպես է այն տարբերվում 2020 թվականի Նոյեմբերի 9-ի հայտարարությունից։
Մենք համեմատել ենք երկու փաստաթղթերը՝ պարզելու, թե ինչ սկզբունքներ են ամրագրված, ով է վերահսկում ճանապարհը և արդյոք Հայաստանը զիջում է իր ինքնիշխանությունը։
Օգոստոսի 8-ին Սպիտակ տանը կայացած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպմանը ստորագրված համատեղ հռչակագիրը, ի թիվս հայ-ադրբեջանական հարաբերությունների վերաբերյալ մի շարք հարցերի, ներառում էր նաև տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման հարցը։
Միջին Ասիայից դեպի Եվրոպա ձգվող Միջին միջանցքի՝ Հայաստանի տարածքով անցնող հատվածում ենթակառուցվածքների զարգացման վերաբերյալ ամրագրումը, մասնավորապես, ներհայաստանյան և ռուսաստանյան տեղեկատվական տիրույթում մի շարք մանիպուլյատիվ ու իրականությանը չհամապատասխանող քարոզչական թեզերի առիթ դարձավ։
Համակարգված ձևով շրջանառվում էին կեղծ պնդումներ, թե «Հայաստանն իր վերահսկողությունից դուրս միջանցք է տվել ԱՄՆ—ի վերահսկողությանը՝ Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի միջև կապի համար՝ այդպիսով զիջելով իր ինքնիշխանությունը ՀՀ Սյունիքի մարզում»։
Տարածվում էր նաև թեզը, թե 2020 թվականի 44-օրյա պատերազմի արդյունքներն ամրագրող Նոյեմբերի 9-ի եռակողմ՝ ՀՀ-ՌԴ-Ադրբեջան հայտարարության 9-րդ կետը Հայաստանի համար «ավելի բարենպաստ կարգավորումներ էր առաջարկում ապաշրջափակման գործընթացում», կամ էլ, թե «այդ կարգավորման և ՀՀ—ԱՄՆ—Ադրբեջան եռակողմ հռչակագրի համապատասխան կարգավորումների միջև տարբերություն չկա, պարզապես փոխվել է վերահսկողը»։
«Իրազեկ քաղաքացիների միավորումը» վերլուծել է Նոյեմբերի 9-ի հայտարարության և Օգոստոսի 8-ի հռչակագրի՝ տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման վերաբերյալ կարգավորումները, արձանագրել ու ամփոփել դրանց տարբերությունները։
Ապաշրջափակման մասին դրույթները՝ երկու փաստաթղթերում
Այսպես, 2020 թվականի նոյեմբերի 9-ի՝ Արցախում հրադադարին վերաբերող եռակողմ հայտարարության 9-րդ կետում առաջին անգամ իրավապայմանագրային մակարդակում ամրագրվում էր Ադրբեջանի ու Նախիջևանի միջև՝ ՀՀ տարածքով կապի դրույթը․
«Ապաշրջափակվում են տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը: Հայաստանի Հանրապետությունը երաշխավորում է Ադրբեջանի Հանրապետության արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև տրանսպորտային հաղորդակցության անվտանգությունը՝ քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների՝ երկու ուղղություններով անխոչընդոտ տեղաշարժը կազմակերպելու նպատակով: Տրանսպորտային հաղորդակցության նկատմամբ վերահսկողությունն իրականացնում են Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահ ծառայության մարմինները:
Կողմերի միջև համաձայնեցմամբ՝ ապահովվելու է Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունն Ադրբեջանի արևմտյան շրջանների հետ կապող նոր տրանսպորտային հաղորդակցությունների շինարարությունը»։
Օգոստոսի 8-ի հռչակագրում ապաշրջափակմանը վերաբերում են 3-րդ և 4-րդ կետերը․
«3․ Մենք վերահաստատեցինք ներպետական, երկկողմ և միջազգային փոխադրումների համար երկու երկրների միջև հաղորդակցությունների բացման կարևորությունը՝ հիմնված պետությունների ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և իրավազորության հարգման վրա, տարածաշրջանում ու նրա հարևանությամբ խաղաղությունը, կայունությունն ու բարգավաճումը խթանելու նպատակով։ Այս ջանքերը կներառեն Ադրբեջանի Հանրապետության հիմնական մասի և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև Հայաստանի Հանրապետության տարածքով անխոչընդոտ հաղորդակցությունը՝ Հայաստանի Հանրապետության համար միջազգային ու ներպետական հաղորդակցության փոխադարձ առավելություններով»։
«4․ Հայաստանի Հանրապետությունն աշխատելու է Ամերիկայի Միացյալ Նահանգների և փոխադարձաբար համաձայնեցված երրորդ կողմերի հետ՝ Հայաստանի Հանրապետության տարածքում «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» («Trump Route for International Peace and Prosperity» (TRIPP)) հաղորդակցության ծրագրի իրականացման շրջանակը սահմանելու նպատակով։ Մենք հաստատում ենք մեր վճռականությունը բարեխղճորեն ձեռնարկելու բոլոր միջոցները՝ սույն նպատակին հնարավորինս արագ կերպով հասնելու համար»։
Սկզբունքների ամրագրումը երկու փաստաթղթերում
Այսպես, թեպետ Հայաստանը երկու փաստաթղթերով էլ համաձայնվում է անխոչընդոտ ճանապարհ տրամադրել Ադրբեջանին Նախիջևանի հետ կապի համար, ի տարբերություն Նոյեմբերի 9-ի հայտարարության, Օգոստոսի 8-ի հռչակագրում հստակ ամրագրված են տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման սկզբունքները՝ պետությունների ինքնիշխանություն, տարածքային ամբողջականություն և իրավազորություն։
Մինչդեռ Նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ ապաշրջափակման սկզբունքների մասին խոսք անգամ չկա։ Թերևս, ապաշրջափակման սկզբունքների բացակայությունն էլ թե՛ ադրբեջանական, և թե՛ ռուսաստանյան պաշտոնական ու քարոզչական շրջանակների կողմից օգտագործվում էր ընդդեմ Հայաստանի՝ օրակարգ նետելով ու պարբերաբար շրջանառելով արտատարածքային՝ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» խոսույթը։
Սա, ըստ էության, միտված էր ՀՀ ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության ոտնահարմանը։
Ադրբեջան—Նախիջևան կապի շեշտադրումն ու փոխադարձության սկզբունքը
Քարոզչական տիրույթում նաև քննարկումների առարկա է դարձել այն, որ հռչակագրում ապաշրջափակվող բոլոր կապուղիների շարքում առանձնացվել է Նախիջևան-Ադրբեջան ճանապարհը, ինչը, ըստ որոշ քարոզչական թեզերի ենթադրում է, թե իբր «ոտնահարվել է փոխադարձության սկզբունքը», այն է՝ «ադրբեջանցիները կկարողանան որոշակի ազատ ռեժիմով անցնել Հայաստանի տարածքով, իսկ հայերը՝ ոչ»։
Այսպես, չնայած ԱՄՆ-ի միջնորդությամբ կնքված հռչակագրի 3-րդ կետում շեշտվում է Ադրբեջանի ու Նախիջևանի միջև անխոչընդոտ կապը, միևնույն ժամանակ ընդգծվում է՝ «Հայաստանի Հանրապետության համար միջազգային ու ներպետական հաղորդակցության փոխադարձ առավելություններով»։
Փաստացի, ամրագրված է փոխադարձության սկզբունքը, այսինքն՝ անխոչընդոտ կապի որևէ ռեժիմ, որը հնարավորություն կտա Ադրբեջանին կապվել Նախիջևանի հետ, պետք է գործի նաև Հայաստանի համար, օրինակ՝ Երևանից Նախիջևանով Մեղրի գնալու դեպքում։
Վերահսկողության դրույթը երկու փաստաթղթերում
Հաջորդ կարևոր տարբերությունը ապաշրջափակվող երթուղու վրա վերահսկողության հարցն է․ հայտնի է, որ նման ամրագրում կա միայն Նոյեմբերի 9-ի 9-րդ կետում, այն է՝ Ադրբեջանի ու Նախիջևանի միջև ՀՀ-ով անցնող ճանապարհը պետք է տրվեր երրորդ երկրի՝ Ռուսաստանի Դաշնության Անվտանգության դաշնային ծառայությանը։
Մինչդեռ Օգոստոսի 8-ի հայտարարության մեջ ՀՀ ինքնիշխան տարածքում երրորդ երկրի ուժային/պետական կառույցի կամ մասնավոր կազմակերպության վերահսկողության վերաբերյալ որևէ խոսք չկա։
Սրան զուգահեռ, նկատենք, որ որոշ շրջանակներ մեդիատիրույթում փորձ են անում ՀՀ-ԱՄՆ-Ադրբեջան հռչակագրում ամրագրված՝ մասնավոր ընկերության կողմից TRIPP հաղորդակցության ներդրումային ծրագրի իրականացումը ներկայացնել որպես «միջանցքի տրամադրում՝ ԱՄՆ—ի վերահսկողությամբ», կամ «վարձակալությամբ ՀՀ սուվերեն տարածքի տրամադրում ամերիկյան մասնավոր ընկերությանը»։
Մինչդեռ 4-րդ կետում չկա որևէ նման ձևակերպում, թե ճանապարհը վարձակալությամբ տրվելու է ընկերության կամ, որ ճանապարհը վերահսկելու է մասնավոր ընկերությունը։
ԱՄՆ—ն ճանապարհը զարգացնելու է, ոչ թե վերահսկելու
Եռակողմ հռչակագրի 4-րդ կետը սահմանում է, որ Միջին միջանցքի ՀՀ-ով անցնող հատվածի զարգացումը ստանձնում է ԱՄՆ-ն՝ մասնավոր կազմակերպության ներգրավմամբ․ ընդ որում, բառացի շեշտվում է, որ այդ կազմակերպությունը պետք է ներգրավվի բացառապես «երկկողմ՝ ԱՄՆ—ի ու Հայաստանի միջև փոխադարձ համաձայնեցման» միջոցով։
Հստակ նշվում է, որ ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված աշխատանքները երկկողմ՝ միայն Հայաստանի ու ԱՄՆ-ի միջև ընթացող գործընթաց են։
Սա նշանակում է, որ Միջին միջանցքի ՀՀ տարածքով անցնող հատվածի վերաբերյալ գործընթացում ներգրավված չէ Ադրբեջանը։ Չնայած այս հստակ ամրագրմանը, դաշտ է նետվել քարոզչական թեզ, թե իբր «Ադրբեջանը դառնում է Հայաստանով անցնող այդ ճանապարհի փայատեր», և որպես այդ մանիպուլյատիվ թեզի հիմնավորում է ներկայացվում փաստը, որ հռչակագիրը եռակողմ է, և դրա տակ կա Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ստորագրությունը։
Հատկանշական է, որ այս մանիպուլյատիվ թեզի հեղինակները շրջանցում են փաստը, որ Ալիևը ստորագրելով հռչակագրի տակ, փաստացի գրավոր համաձայնել է, որ Նախիջևանի հետ կապը ապահովվելու է ՀՀ ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, իրավազորության ու փոխադարձության սկզբունքի հիման վրա։
Մինչդեռ, Նոյեմբերի 9-ի 9-րդ կետում Ադրբեջանի՝ ՀՀ-ով անցնող ճանապարհի տրանսպորտային կապի շինարարության հարցում ներգրավված էր նաև Ադրբեջանը․ «Կողմերի միջև համաձայնեցմամբ՝ ապահովվելու է Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունն Ադրբեջանի արևմտյան շրջանների հետ կապող նոր տրանսպորտային հաղորդակցություննների շինարարությունը»:
Հատկանշական է, որ Օգոստոսի 8-ի հռչակագրով ՀՀ-ով անցնող ճանապարհի՝ «Ադրբեջանի փայատեր» դառնալու թեզի հեղինակը «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանն է, որը հատուկ հանձնարարություններով դեսպանի պաշտոնը թողնելուց հետո զբաղված էր Նոյեմբերի 9-ի 9-րդ կետի ջատագովությամբ՝ քննադատելով ՀՀ իշխանություններին այն չկատարելու համար։
Ամփոփելով՝ թե՛ Նոյեմբերի 9-ի, և թե՛ Օգոստոսի 8-ի փաստաթղթերը ունեն դրույթներ հաղորդակցությունների բացման ու, մասնավորապես, Ադրբեջան-Նախիջևան անխոչընդոտ կապի վերաբերյալ։
Սակայն, ի տարբերություն առաջինի, երկրորդում ամրագրվում են կարևոր միջազգային սկզբունքները՝ ինքնիշխանություն, տարածքային ամբողջականություն, իրավազորություն, փոխադարձություն, որոնց հիման վրա տեղի է ունենալու ապաշրջափակումը։
Երկրորդում, ի տարբերություն առաջինի, ՀՀ-ն իր ճանապարհի վերահսկողությունը չի տալիս երրորդ կողմի՝ ուժային կամ մասնավոր կազմակերպության վերահսկողությանը կամ վարձակալությանը։
Ի տարբերություն Նոյեմբերի 9-ի՝ Օգոստոսի 8-ի հռչակագրում Հայաստանով անցնող ճանապարհի զարգացման հարցում ներգրավված չէ Ադրբեջանը, գործընթացը բացառապես երկկողմ է»։