«Վահագն Ալեքսանյանի և իմ մեջ չհայտարարված պատերազմ կա»։ «Նյուզ»-ին տված հարցազրույցում նշեց ԱԺ պատգամավոր Հովիկ Աղազարյանը՝ մեկնաբանելով ՔՊ անդամների մեղադրանքները, որ ինքը տեղեկատվության արտահոսք է կազմակերպել։
«Բոլորը գիտեն իմ շփումները լրագրողների հետ, համարյա ցանկացած ժամի զանգում են՝ պատասխանում եմ։ Կան լրագրողներ, որոնց հետ ես նաև մարդկային շփումներ ունեմ, այդ թվում՝ «Հրապարակի» լրագրող Լուսինե Շահվերդյանի հետ, ով իմ մանկական ընկերոջ աղջիկն է։ Եղել ա՞ դեպքեր, որ ես Լուսինե Շահվերդյանին ասել եմ բաներ, որ չպետք ա ասեի՝ երևի եղել է։ «Եթե ապացուցվի, որ ես արտահոսք արել եմ, թե չէ, ես Վ․Ալեքսանյանի բոլոր գնահատականներին տեր եմ»։ Աղազարյանը շեշտեց, որ չապացուցելու դեպքում Ալեքսանյանը պետք է ներողություն խնդրի, այլապես նա ստոր սրիկա է։
Աղազարյանի խոսքերով, վարչապետի խնդրանքը մերժելը արդեն հիմք էր իրեն կուսակցությունից հեռացնելու համար։ «Հարց՝ ինչի՞ էին անօրինական ճանապարհով ձեռք բերված ինֆորմացիան բերել-դրել վարչության նիստին»,- ասաց նա և հավելեց․ «Նպատակը մեկն էր՝ ոչնչացնել Աղազարյան Հովիկին բոլոր հարթություններում, որ ինքը մանդատը վայր դնի։ Աղազարյան Հովիկը մանդատը վայր չի- դը-նե-լու։ Ես պատերազմի մեջ եմ մտել քաղաքական և ես հաղթելու եմ այս պատերազմը»։