2025 թվականի նոյեմբերի 24-ից մինչև 2026 թվականի հունվարի 31-ը ներառյալ Հայաստանում կհայտարարվի ձմեռային զորակոչ ու զորացրում։
Կհայտարարվի արական սեռի այն քաղաքացիների շարքային կազմի պարտադիր զինվորական և այլընտրանքային ծառայությունների ձմեռային զորակոչը, որոնց 18 տարին լրանում է կամ, որոնց շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչից նախկինում տրված տարկետումը դադարում է մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 19-րդ հոդվածի 1.1-ին մասում նշված արական սեռի քաղաքացիների զորակոչը:
2025 թվականի ձմեռային զորակոչի շրջանակներում շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության կզորակոչվեն նաև օրենքի 19.1-ին հոդվածի 1-ին մասի համաձայն մինչև 2025 թվականի հոկտեմբերի 1-ը կամավոր հիմունքներով շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայություն անցնելու դիմում ներկայացրած իգական սեռի կամ օրենքի 19-րդ հոդվածի 1.2-րդ մասի համաձայն շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչվելու ցանկություն հայտնած արական սեռի քաղաքացիները:
2025 թվականի ձմեռային զորակոչի շրջանակներում մինչև 2026 թվականի հունվարի 31-ը ներառյալ կզորացրվեն օրենքով սահմանված ժամկետում շարքային կազմի պարտադիր զինվորական կամ այլընտրանքային զինվորական ծառայություն անցած զինծառայողները։
Այլընտրանքային աշխատանքային ծառայությունից կարձակվեն սահմանված ժամկետում այլընտրանքային աշխատանքային ծառայություն անցած ծառայողները:
2025 թվականի ձմեռային զորակոչի շրջանակներում զինված ուժերի համալրումը շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության կամ այլընտրանքային զինվորական ծառայության ենթակա քաղաքացիներով կիրականացվի 2026 թվականի հունվարի 7-ից մինչև հունվարի 31-ը ներառյալ, իսկ օրենքով սահմանված ժամկետում շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայություն կամ այլընտրանքային զինվորական ծառայություն անցած զինծառայողների զորացրումը կիրականացվի 2026 թվականի հունվարի 8-ից մինչև հունվարի 31-ը ներառյալ:




