Երեկ՝ հունվարի 16-ին, դատարանը երկամսյա կալանքի որոշում է կայացրել «Կիևյանցի կրիստալ Յուրա» մականվամբ 49-ամյա Յուրի Ու.-ի նկատմամբ։ Այս մասին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը։ Յուրի Ու.-ն դատարանի դահլիճից տեղափոխվել է ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ դեռ մեկ օր առաջ մեկ այլ քրեական գործի շրջանակում Արաբկիրի քննիչը դիմել էր դատարան, սակայն դատարանը Յուրի Ու.-ին ազատ էր արձակել, որից հետո, ինչպես ժողովուրդն է ասում, դեռ թանաքը չորացած՝ իրավապահները նրա մոտ դարձյալ կասկածելի թմրամիջոց էին հայտնաբերել, ինչից հետո քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան և դատարանը բավարարել է միջնորդությունը։
Հիշեցնենեք, որ հունվարի 12-ին ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևան քաղաքի վարչությունում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Երևանի բնակիչ 49-ամյա Յուրի Ու․-ն իր մոտ պահում է թմրամիջոց, զենք և այլ կասկածելի իրեր։ Տեղում Երևանի քրեական ոստիկանության վարչության ծառայողները օպերատիվ տվյալներով պարզել էին, թե որտեղ է գտնվում նա ու Կիևյան և Օրբելի փողոցների խաչմերուկում ապօրինի զենք, զինամթերք և թմրանյութ պահելու, օգտագործելու հիմքով ձերբակալել էին նրան ու տեղափոխել քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչություն։