Նոր տեղեկություններ՝ 21-ամյա երիտասարդի սպանության դեպքից

Ինչպես հայտնել ենք, մարտի 29-ին՝ ժամը 18:50-ին, ՆԳՆ ոստիկանության Կոտայքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ տարբեր հիվանդանոցներ բուժօգնության է տեղափոխվել դանակահարված հինգ երիտասարդ, որոնցից մեկը՝ անգիտակից վիճակում:
Ժամը 21:18-ին հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ «կրծքավանդակի թափանցող վերք, թոքի և սրտի վնասվածք» ախտորոշմամբ բուժօգնության տեղափոխված 21-ամյա Ռուբիկ Խ-ն մահացել է:

Քրեական ոստիկանության Կոտայքի մարզային վարչության և Համայնքային ոստիկանության Չարենցավանի բաժնի ծառայողների համատեղ միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Չարենցավան քաղաքի ռեստորաններից մեկի մոտ մի խումբ երիտասարդներ վիճաբանության ժամանակ ձեռքերով, ոտքերով ու տարբեր առարկաներով հարվածել են միմյանց: Այդ ընթացքում Ռուբիկ Խ-ն դանակով հարվածել և մարմնական վնասվածք է պատճառել 21-ամյա համաքաղաքացուն, ինչից հետո վիճաբանության մեկ այլ մասնակից 22-ամյա երիտասարդը դանակով հարվածել է Ռուբիկ Խ-ի կրծքավանդակին, ինչի հետևանքով նա հիվանդանոցում մահացել է: 22-ամյա երիտասարդը դանակով հարվածներ է հասցրել նաև վիճաբանության երեք այլ մասնակիցների:
Ձեռնարկված միջոցառումներով նախաքննական մարմին են ներակայացվել վիճաբանության մասակիցները։ 22-ամյա երիտասարդը և Գեղարքունիքի մարզի Արտանիշ գյուղի բնակիչ 26-ամյա երիտասարդը ձերբակալվել և տեղափոխվել են ձերբակալվածների պահման վայր:
Չարենցավան քաղաքի բնակիչ 22-ամյա երիտասարդի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել սպանության, առողջությանը ծանր վնաս և միջին ծանրության վնաս պատճառելու մեղադրանքներով:
Քրեական վարույթը շարունակվում է: