Այո, Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարը դեմ է այդ տարածքում շենքի կառուցմանը։ Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 9–ին, Երևանի քաղաքապետարանի շենքում լրագրողների հետ զրույցում նշեց ավագանու «Հանրապետություն» խմբակցության ղեկավար Անի Խաչատրյանը՝ անդրադառնալով Նոր Նորքի 4–րդ զանգվածում խաղահրապարակի տարածքում բազմաբնակարան շենք կառուցելու նախագծին։
«Սա օրենքի մաս է, որ ավտոմատ գալիս է օրակարգ, մենք չենք կարող սա չանել։ Սա մի հատ անհասկանալի բան է, որ գալիս է օրակարգ, և մենք մերժենք, թե չմերժենք, ինքը 30 օր հետո ստանում է դրական եզրակացություն։ Սա արդեն քաղաքապետարանից դուրս է։ Տիգրան Ավինյանը չի տվել այս ԱՊԶ-ի թույլտվությունը։ Սա Տիգրան Ավինյանի պաշտոնավարումից շատ առաջ է տրվել, և հոկտեմբերի 8-ին լրանում է այդ ԱՊԶ-ի վերջնաժամկետը։
Այսինքն ԱՊԶ-ից հետո, երբ որ պետք է ստանալ շինթույլտվություն, պետք է ունենալ գործող ԱՊԶ և ինքը ավտոմատ պետք է դիմի նոր ԱՊԶ ստանալու, նոր հանրային լսումներ պետք է լինեն։ Այսինքն մենք զրոյից նորից սկսելու է այս ամեն ինչը, եթե որոշենք, որ գործընթացը նորից պետք է գնա։ Հետևաբար արդեն կա մեծ ժամանակ, որ կարելի է քննարկել։
Ես ինքս հանդիպել եմ այդ բնակիչների հետ վարչական շրջանում, խոսել եմ, պայմանավորվել ենք, ես իրենց խոստացել էի, որ հարցն այսօր չի մտնելու օրակարգ, և ես իմ խոսքի տերն եմ եղել»,–ասաց նա։
Հարցին՝ կարո՞ղ է վստահեցնել, որ այդտեղ շենք չի կառուցվի, Անի Խաչատրյանը պատասխանեց. «Ես չեմ կարող վստահեցնել, բայց նոր փուլ, համենայնդեպս, դեռ պետք է անցնի նորից այս կառուցապատողը։ Սա տարիներ առաջ վաճառված սեփական հող է, եթե չեմ սխալվում, 2000–ականներից, 5 անգամ վաճառված հող է, և ինքը ԱՊԶ ստացել է, արդեն ժամկետը լրանում է»։