Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Րաֆֆու փողոցում՝ Մալաթիայի տոնավաճառում գտնվող կոշիկի խանութի պահեստային մասում և նշված վայրից «Աստղիկ» բժշկական կենտրոն է տեղափոխվել Երևանի բնակիչ 29-ամյա Զորիկ Կ.-ն, ով աշխատում է փրկարար ծառայության թիվ 3-րդ հրշեջ-փրկարարական ջոկատում և կրակի տարածման դեմ պայքարելու արդյունքում ծխահարվել էր, իսկ նշված վայրից «դեմքի և ձեռքի այրվածք» ախտորոշմամբ դարձյալ «Աստղիկ» բժշկական կենտրոն է տեղափոխվել Երևանի բնակիչ 68-ամյա Ասատուր Ա.-ն, ով նշված բժշկական կենտրոնում անհրաժեշտ բուժօգնություն ստանալուց հետո տեղափոխվել է Այրվածքաբանության ազգային կենտրոն:
Պարզվել է նաև, որ կրակը բռնկվել է հոսանքի կարճ միացման պատճառով, ինչը տարածվել է դեպի մյուս տաղավարներ և հերքվել է գազի արտահոսքի վարկածը, քանի որ հաստատվել է այն տեղեկությունը, որ նշված տարածքում գազամատակարարումը 6 ամսից ավելի դադարեցված է եղել:
Դեպքի փաստով ոստիկանության Մալաթիայի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիայի քննչական բաժին, որտեղ դեպքի փաստով գույքը ոչնչացնելու կամ վնասելու հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ:




