Նոր մանրամասներ՝ ինչ են պայմանավորվել Լավրովն ու Ռուբիոն

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ Էր Ռիադում կայացած բանակցությունների արդյունքների վերաբերյալ մեկնաբանություններ է արել։

ՌԴ ԱԳ նախարարը հայտարարել է, որ Ռուսաստանի և ԱՄՆ-ի պատվիրակությունները Սաուդյան Արաբիայում բանակցությունների ընթացքում պայմանավորվել են պայմաններ ստեղծել Ուկրաինայում կարգավորման հետ կապված, որպեսզի Մոսկվայի և Վաշինգտոնի համագործակցությունն ամբողջ ծավալով վերսկսվի։

«Ռուսաստանն ու ԱՄՆ-ը պայմանավորվել են, որ մոտ ժամանակներս կձևավորվի Ուկրաինական կարգավորման գործընթաց, նշանակվել են բանակցողներ»,-ասել է Լավրովը և հավելել, որ «ԱՄՆ-ն կտեղեկացնի, թե ովքեր են ներկայացնելու իրենց Ուկրաինայի կարգավորման հարցով, ՌԴ-ն անմիջապես նույն կերպ կվարվի»։

ՌԴ ԱԳ նախարարն այլ հայտարարություններ էլ է արել։

«Մեր ամերիկացի զրուցակիցներին բացատրեցինք, որ ՆԱՏՕ-ի զորքերի հայտնվելն Ուկրաինայում անընդունելի է»,-նշել է Լավրովը և հավելել, որ ՆԱՏՕ-ի ընդլայնումը ուղղակի սպառնալիք է Ռուսաստանի շահերի համար:

Նա նաև տեղեկացրել է, որ ՌԴ-ն ու ԱՄՆ-ն պայմանավորվել են ապահովել Վաշինգտոնում և Մոսկվայում դեսպանների շուտափույթ նշանակումը։ ՌԴ և ԱՄՆ դիվանագիտական գերատեսչությունների ղեկավարների տեղակալները պայմանավորվածություն ձեռք կբերեն հանդիպման մասին։

Հաղորդվում է, որ ՌԴ և ԱՄՆ ներկայացուցիչներին հանձնարարվել է քննարկել, թե ինչ է պետք անել Պուտինի և Թրամփի հանդիպումը նախապատրաստելու համար։