Նոր Կաթողիկոսը կընտրվի Սահմանադրության պահպանմամբ, մեր գործողությունները օրինական են. ՏԿԵ նախարար

Վարչապետը հայտարարել է, որ ձևավորվում է աշխատանքային խումբ, որը որոշակի գործառույթներ կիրականացնի և այդ աշխատանքային խմբի աշխատանքը բացառապես լինելու է ՀՀ սահմանադրության և գործող օրենքների շրջանակներում, ես խնդրում եմ, որ դուք այդ մասով կասկած չունենաք։ Այս մասին այսօր՝ հունիսի 11–ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում ասել է ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը՝ անդրադառնալով նրան, որ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ կաթողիկոսին փոխելու գործընթաց է մեկնարկում, դա որքանո՞վ է տեղավորվում օրենքի և օրինականության մեջ։

Դիտարկմանը, որ ը եկեղեցին և պետությունը անջատ են, նա ասաց. «Ընդհանուր առմամբ, մեր բոլոր գործողությունները, որոնք վերջին յոթ տարվա ընթացքում եղել են, եղել են ՀՀ գործող օրենսդրության և սահմանադրության շրջանակներում։ Երբ այդ աշխատանքային խումբը հրապարակի իր աշխատակարգը, դուք կտեսնեք, որ ՀՀ սահմանադրությանը և գործող օրենքներին այն ոչ մի կերպ չի հակասում։ Ես ինքս բացառում եմ այդպիսի իրավիճակ, երբ որ մենք գնանք օրենքներին և սահմանադրությանը և նաև բարոյականության հակառակ։

Քաղաքական ակցիաներ չեն լինելու, որովհետև այդ մասով մեր մոտիվացիան քաղաքական չէ։ Վարչապետը ասել է, որ մեզ և ինձ անձամբ այս հարցը հետաքրքիր է որպես հայ քրիստոնյա և կուսակրոնության ուխտի թվացյալ խախտումն էլ կամ արդեն հայտարարված խախտումն էլ այս տրամաբանության մեջ է։

Ես ենթադրում եմ, որ աշխատանքային խումբը պաշտոնյաներից կազմված չի լինելու, կազմված է լինելու քաղաքացիներից, չեմ բացառում, որ նաև հոգևորականներից, գործող կամ նախկին, և կարծում եմ, որ այս տրամաբանության մեջ ամբողջ իմ ասածը տեղավորվում է»։

Ինչ վերաբերում է նրան, որ վարչապետը հայտարարել է, որ այդ համակարգող խմբում պետք է ընդգրկվեն մաքրամաքուր մարդիկ, որոնք ամեն օր աղոթում են, ինչպե՞ս են դա պարզելու, Խուդաթյանն ասաց. «Վարչապետը դրա հետ կապված նաև մեխանիզմ է ասել, հասկանալի է, որ որոշակի բաներ բարոյականության և անձի ազնվությանն են թողելու, օրինակ, ամեն օր աղոթելու հանգամանքը, բայց մենք նաև վստահ ենք, որ մյուս բաների մասով ստուգման մեխանիզմներ կան։ Այնտեղ, որտեղ հնարավոր է ստուգում իրականացնել, ստուգում կիրականացվի, այնտեղ, որտեղ պիտի թողնենք մարդու ազնվությանը, մենք կթողնենք մարդու ազնվությանը»։

Հարցին՝ ինքը հա՞շտ է տեղի ունեցողի հետ, նա արձագանքեց. «Ես հաշտ չեմ առաջին հերթին այն կարգերի և ավանդույթների խախտման հետ, որ տեղի է ունեցել վերջին տարիներին եկեղեցու շատ հոգևորականների կատարմամբ։ Ինձ տրված հարցադրումները և վերջին ժամանակներում հնչող հարցերի տրամաբանությունը հետևյալ է՝ ինձ մոտ տպավորություն է, որ շատերը քրիստոնյաներից հաշտ են սրա հետ, և այդ հաշտ լինելը իմ մոտ առնվազն տարակուսանք է առաջացնում։ Նաև թվացյալ տպավորություն կա, որ լրագրողական համայնքից շատերն են հաշտ այս մտքի հետ, և ընդամենը հարցը ուղղվում է նրա համար, հասկանալու, թե մեր շահագրգռվածությունն ինչպիսին էր վերջին ժամանակներում խոսելու դրա մասին»։

Ինտերնետ կայքերի պատրաստում մատչելի գներով

Տրվում է 1 տարի անվճար տեխնիկական և ծրագրային սպասարկման երաշխիք։