Այս ուսումնական տարում առաջին անգամ կիրականացվի նոր մոտեցում, ըստ որի՝ վեց տարեկանից մեծ բոլոր երեխաները պետք է սովորեն իրենց տարիքին համապատասխան դասարանում։ Այս մասին տեղեկացրել է կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը մամուլի ասուլիսի ընթացքում։
Նա հիշեցրել է, որ դեռ անցած տարում ԿԳՄՍ նախարարությունը հայտարարել էր՝ երեխաները պետք է ընդգրկվեն ըստ տարիքային խմբերի, համապատասխան դասարաններում։ Բացառություն կկազմեն միայն նրանք, ովքեր ունեն մտավոր զարգացման խնդիրներ և կրթության հատուկ պայմանների կարիք։
Փոխնախարարը անդրադարձել է նաև այն հարցին, թե ինչու որոշ ծնողներ հրաժարվում են իրենց երեխաներին դպրոց ուղարկել վեց տարեկանում։ Նրա խոսքով՝ ամեն տարի գրեթե 10 տոկոս երեխաներ չեն հաճախում դպրոց, ինչը մեծացնում է կրթությունից դուրս մնացած երեխաների թիվը։
Այս երևույթի պատճառները տարբեր են։ Երբեմն դրանք կարող են լինել օբյեկտիվ՝ երեխայի զարգացման խնդիրներ, սակայն հաճախ ծնողներն իրենք են որոշում՝ երբ է ճիշտ ժամանակը երեխային դպրոց ուղարկելու։ Որոշ դեպքերում նրանք լուրջ չեն վերաբերվում վեց տարեկանին որպես դպրոց գնալու շեմ։
Սակայն ըստ «Հանրակրթության մասին» օրենքի՝ բոլոր այն երեխաները, որոնց վեց տարին լրանում է տվյալ տարվա ընթացքում, պարտավոր են ընդունվել դպրոց։
Փոխնախարարը նշել է, որ այս մոտեցման կիրառումը կարող է որոշ ռիսկեր առաջացնել, օրինակ՝ երեխայի կողմից ուսումնական ծրագրից հետ մնալը։ Սակայն այդ խնդիրը կանխելու համար դպրոցներին արդեն տրվել են համապատասխան հանձնարարականներ։ Դրանք նախատեսում են խորհրդակցություններ, լրացուցիչ աշխատանք և անհատական մոտեցում՝ երեխաներին օգնելու հնարավորինս արագ հասնել իրենց դասարանի մակարդակին, մասնավորապես՝ երկրորդ դասարանի ծրագրին համապատասխան։