Նման իրավունք չունեն՝ ո՛չ իրավական, ո՛չ բարոյական առումով. Վանեցյան

Հայաստանյան հանրային դաշտում վերջին օրերին ավելի սրվել է պետություն–եկեղեցի հարաբերությունների շուրջ քննարկումը։ Իր հայտարարություններով ուշադրության կենտրոնում է հայտնվել հատկապես Նիկոլ Փաշինյանը, ում խոսքն ու դիրքորոշումը բազմաշերտ արձագանք է գտել թե՛ հասարակության, թե՛ հոգևոր ոլորտի ներկայացուցիչների շրջանում։ Այս թեմային անդրադառնում է «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը՝ «Հրապարակ» օրաթերթին տված իր հարցազրույցում՝ ներկայացնելով իր տեսանկյունն ու իրավաքաղաքական գնահատականները։

— Պարոն Վանեցյան, չնայած շատերն են խոսում այն մասին, որ եկեղեցու ու Ամենայն Հայոց Կաթողիկոսի դեմ Նիկոլ Փաշինյանի հարձակումը կարմիր գծերի հատում է, այնուամենայնիվ ոչ եկեղեցին, ոչ էլ նրա պաշտպանները հստակ չեն ասում, թե ինչո՞ւ հանրությունը չպետք է խոսի եկեղեցում առկա խնդիրների մասին ու, անհրաժեշտության դեպքում, դրանք հաղթահարելուն ուղղված քայլեր ձեռնարկի։ Դուք նույնպես Հանրային հեռուստատեսության եթերում հայտարարեցիք, որ այդ խնդիրները քննարկելի չեն ու վերջ։ Ինչո՞ւ։

— Այո, ես նույնպես, ելնելով իրավական, բարոյական, կրոնական, քաղաքավարական և այլ նկատառումներից, փորձել եմ խուսափել հանրային տիրույթում Վեհափառ Հայրապետին և բարձրաստիճան հոգևորականներին վերաբերող անձնական հարցերի քննարկումից։ Բայց քանի որ օդում կախված հարցեր են մնացել, փորձեմ կարճ անդրադառնալ դրանց։ Նախ և առաջ, Նիկոլի կողմից օրակարգ բերված հարցերը քննարկելի չեն կրոնական տեսանկյունից։ Եկեղեցին ունի իր ընթացակարգերը, որոնք նախատեսում են տարբեր մակարդակներում տարբեր բնույթի հարցերի քննարկում, իսկ համազգային հարցերի վերաբերյալ` Ազգային-Եկեղեցական Ժողովում քննարկումներ և որոշում։

Չի կարելի նման քննարկումներ ծավալել նաև անձնական կյանքի պաշտպանվածության վերաբերյալ Սահմանադրության 34-րդ հոդվածի պահանջով, որում նշվում է, որ «յուրաքանչյուր ոք ունի իրեն վերաբերող տվյալների պաշտպանության իրավունք»: Տարբեր միջոցներով ինչպես եկեղեցականի, այնպես և որևէ անձի վերաբերյալ ենթադրյալ տեղեկությունների հավաքումը, ոչ քրեական բնույթ կրող գործողությունների հանրայնացումը և հրապարակային քննարկումը խախտում է Սահմանադրական վերոնշյալ կարգը։ Իսկ Պետության ղեկավարի՝ Եկեղեցու կյանքին միջամտությունը, այն էլ ղեկավար փոխելու բացահայտ կոչով և Կաթողիկոսի ընտրության մեջ իշխանության ազդեցության լծակի ստեղծման մասին հայտարարությամբ, խախտում է եկեղեցու և պետության անջատ լինելու Սահմանադրական սկզբունքը և օրենքը։

Հայ Եկեղեցու դեմ այս «քննարկման» նախաձեռնողներն արդեն իսկ նման որևէ իրավունք չունեն ո՛չ իրավական, ո՛չ էլ, առավել ևս, բարոյական առումներով: Այդ մարդիկ Արցախը կորցրած, տարածքային զիջումների գնացած, մեր ժողովրդի և պետության դեմ թշնամական օրակարգերով կառավարվող իշխանության պաշտոնյաներ են: Ավելին, պաշտոնատար անձի հանրային խոսքը չի կարող լինել գռեհիկ ու անպատասխանատու, ինչպիսին Նիկոլ Փաշինյանի ու նրա թիմակիցներինն է։

Ինտերնետ կայքերի պատրաստում մատչելի գներով

Տրվում է 1 տարի անվճար տեխնիկական և ծրագրային սպասարկման երաշխիք։