ՀՀ վարչապետին սպասարկող տրանսպորտային միջոցի գործող «001 ՍՍ» համարանիշը նախատեսվում է փոխարինել ընդամենը մեկ նիշով՝ «1»-ով ու ՀՀ դրոշով։
Նիկոլ Փաշինյանն այսօր լրագրողների հետ զրույցում ասաց, թե պետական որոշակի ատրիբուտներ կան, որ պարտավոր են պահել։
«Դա պահելը մեր անձնական քմահաճույքի հարց չէ, այլ՝ պետական արարողակարգերի հարց է»,- լրագրողների հետ զրույցում ասաց նա։
Ըստ Փաշինյանի՝ մեքենայի համարը փոխել են, որովհետև գործող համարանիշի վրա գրվող հայերեն «ՍՍ»-ն արձանագրվել է որպես Սերժ Սարգսյանի անվան տառեր։
«Իսկ մենք կարծում ենք, որ համարանիշը չպետք է որևէ մեկի անվանատառը կրի, այսինքն՝ հիմա ես էլ չպետք է գրեմ ՆՓ-001»,- ընդգծեց նա։




