Ներքին գործերի նախարարությունը հորդորում է համայնքների բնակիչներին՝ արոտավայրերում չոր խոտերի և ցանքատարածքների մաքրման ընթացքում խուսափել այրումներից, չառաջացնել լրացուցիչ հրդեհավտանգ իրավիճակներ։
«Կրկին հիշեցնում ենք խոզանների այրման վնասակար հետևանքների մասին՝ ակնկալելով համընդհանուր պատասխանատու վերաբերմունք։
Խոզանների այրումը վնասում է հողը, իջեցնում է հողի բերրիությունը։
Այրման ազդեցությունը մարդու առողջության վրա նույնպես բացասական է։
Այրման ընթացքում ոչնչանում, տուժում է կենսաբազմազանությունը, թուլանում է էկոհամակարգի ինքնավերականգնման ունակությունը։
Հորդորում ենք խստորեն պահպանել հրդեհային անվտանգության կանոնները։ Հրդեհ կամ ծուխ նկատելու դեպքում խնդրում ենք անհապաղ զանգահարել 911»,- նշված է Ֆեյսբուքում արված գրառման մեջ։




