Վարորդական իրավունքի վկայական ստանալու միակ օրինական ճանապարհը հաշվառման-քննական ստորաբաժանումում համապատասխան քննություններ հանձնելն է։ Չնայած ՆԳՆ ոստիկանության պարբերական նախազգուշացումներին տարատեսակ խարդախությունների վերաբերյալ, որոշ քաղաքացիներ շարունակում են հավատալ արագ և չակերտավոր օրինական ճանապարհով վարորդական վկայական ստանալու առաջարկներին։
Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժնում քաղաքացի է դիմել՝ հայտնելով, որ սոցիալական ցանցերից մեկում տարածված հայտարարությանը հավատալով՝ վարորդական վկայական ստանալու համար մոտ 500 հազար դրամ է փոխանցել անհայտ անձի՝ արդյունքում չստանալով վկայականը։
Քաղաքացին, հավատալով հայտարարության օրինականությանը, այցելել է հաշվառման-քննական ստորաբաժանում, կատարել համապատասխան վճարումները, ապա WhatsApp հավելվածով կտրոններն ուղարկելով զեղծարարին՝ նրա տրամադրած QR կոդի միջոցով փոխանցել է պահանջված գումարը։
ՆԳՆ ոստիկանությունը կրկին հորդորում է սոցիալական ցանցերում լինել ուշադիր և զգոն, չհավատալ արագ և հեշտ ճանապարհով որևէ իրավական փաստաթուղթ ստանալու հնարավորությանը։ Վարորդական իրավունքի վկայական հնարավոր է ստանալ բացառապես օրինական ճանապարհով։




