Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Երիտասարդի մերկ լուսանկարները չհրապարակելու համար փող էր պահանջել

Ամիսներ առաջ մի երիտասարդ ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում էր տվել, որ սոցցանցերից մեկում ծանոթացել էր մի օգտատիրոջ հետ և նրա առաջարկով ուղարկել իր մերկ լուսանկարները։ Որոշ ժամանակ անց լուսանկարները ստացած օգտատերը դրանք չհրապարակելու համար երիտասարդից պահանջել էր 190․000 դրամ։

Դեպքի առթիվ ոստիկանությունում քրեական գործ հարուցվեց և ուղարկվեց տարածքային քննչական բաժին։ Քրեական գործի շրջանակներում ոստիկանության Էրեբունու բաժնի և տարածքային նախաքննական մարմնի ծառայողներն իրականացրին տարաբնույթ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ ու քննչական գործողություններ։

Ամիսներ տևած հետևողական աշխատանքի արդյունքում փաստական տվյալներ ձեռք բերվեցին իրական օգտատիրոջ ինքնության վերաբերյալ։ Տեղեկությունների իրացման արդյունքում Էրեբունու ոստիկանները հունվարի 16-ին հայտնաբերեցին Եղեգնաձորի բնակիչ, 29-ամյա երիտասարդին ու բերման ենթարկեցին բաժին։

Նա ոստիկանությունից ներկայացվեց քննչական բաժին ու ձերբակալվեց։ Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։